

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ի նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Տեղեկությունն այսօր «Ռադիոլուր»-ի հետ հեռախոսազրուցում հաստատել է Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Հավելենք նաև, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարություն: Տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հաստատել են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ամենայն հավանականությամբ, մարզպետին պաշտոնից ազատելու մասին որոշումը Կարեն Կարապետյանը կստորագրի այսօր:
Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյան
Ռադիոլուր— Պարոն Թադևոսյան մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ –ից դուրս գալու դիմում ներկայացրել է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը
Թադևոսյան— Դրանք ստահոդ լուրեր են, երբ կլինի, մենք կմեկնաբանենք: Ես այլ դիմում չեմ ստացել, փոխարենը կուսակցության շարքերը համալրելու հազարներով, անթիվ նոր դիմումներ եմ ստացել:
Ռադիոլուր-Իսկ ինչու նրանք որոշեցին հենց ընտրությունների նախաշեմին հայտնվել կուսակցությունում:
Թադևոսյան— Ցանկացած ընտրությունից առաջ միշտ էլ հանրության կողմից որոշակի ակտիվություն նկատվում է, ու դա բնական պրոցես ենք համարում
Ռադիոլուր— Մայր գետից առվակները հեռանում են ու ՀՀԿ-ն գնում է երեսը փրկելու ճանապարհո՞վ:
Թադևոսյան— ՀՀԿ-ն երեսը փրկելու խնդիր չունի, մենք միշտ եղել ենք բաց, թափանցիկ մեր ընտրողների առջև:
Ռադիոլուր— Մայր գետին փաստորեն նոր առվակներ են միանում
Թադևոսյան— Այո, այո համալրումը զգալի է:




