

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է խորհրդարանի ընդունած «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի մի շարք դրույթներ: Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշում է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Վերոնշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել: Ինչու է Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չեղարկել այս օրենք ու ինչու է Դանիայի խորհրդարանն ընդունել Հայոց ցեղասպանության մասին` բանաձև:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է 2016թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի ընդունած «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի մի շարք դրույթներ՝ գրում է ֆրանսիական «Նուվելս Դ’ Աղմենի» պարբերականը: Մերժված դրույթների թվում Սահմանադրական խորհուրդը իր նախաձեռնությամբ ավելացրել է Ցեղասպանության ժխտողականության, նվազեցման և պարզեցման/բանալիզացման/ քրեականացումը:
Այդ որոշման առնչությամբ` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը զարմանքն է հայտնում, որ Սահմանադրական խորհրդի անդամները շարունակում են պնդել, որը մարդկության դեմ հանցագործության ժխտողականության քրեականացումը պետք է պայմանավորված լինի ֆրանսիական կամ միջազգային դատական ատյանի՝ այդ հարցի առնչությամբ ընդունված դատավճռով:
Արհեստականորեն պահպանելով այդ պահանջը ,որը չի բխում ոչ 2008թ. նոյեմբերի 28-ի շրջանակային որոշումից, ոչ ՄԻԵԴ դատավճիռներից, Սահմանադրական խորհուրդը իր վրա է վերցնում ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներին, հատկապես հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, Թուրքիայի պետական ժխտողականության անպատժելիությամբ պայմանավորված ագրեսիայի թիրախ մնալու բարոյական եւ քաղաքական պատասխանատավությունը՝ նշվում է համակարգող խորհրդի հայտարարության մեջ:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այս որոշումը անսպասելի էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանի համար: Նրա հակված է կարծելու, թե որոշումն ավելի շատ պայմանավորված է Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիրքերի թուլացմամբ, որոշումը Ֆրանսիայի ներքաղաքական վերադասավորումների հետևանք է:
Ի դեպ՝ փոփոխված օրենքում անգամ ցեղասպանության ժխտման մասին չէր հիշաակվում, այն պարզաբես ներկայացվում էր իբրև «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենք, որի դրույթներն էլ մերժել է Ֆրանսիայի Սահմադրական խորհուրդը:
Դանիայից նորությունները ևս ոգևորիչ չեն: Այդ երկրի խորհրդարանն ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» բանաձև, որին չափազանց զգույշ պետք է մոտենալ: Մյուս կողմից սակայն՝ Դանիայի Թագավորության խորհրդարանի այս քվեարկությունը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, կարելի է որոշակի տեղաշարժ համարել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման առումով. «Ցանկացած խոսակցություն ցեղասպանության մասին, անգամ թուրքական, ազդեցություն է ունենում այն բանի վրա, որ ցեղասպանության խնդրով քննարկում ծավալվի: Անգամ Գալիպոլիի ճակատամարտի նշումը ազդեցություն ունեցավ նման քննարկում ծավալելու համար»:
Գևորգ Մելիքյանին մինչդեռ դուր չի գալիս, որ առանց նյութի կամ որոշման մեջ խորամուխ լինելու խոսում են ցեղասպանության մասին:
«Լիրիկա չի որ խոսենք խոսելու մասին: Գրական-գեղարվեստական Թուրքիան ավելի շատ ապահովագրեց իրեն այդպիսով: Այնպես արեց, որ թեման ավելի շատ փակվի»:
Սա կարող է կանգառ լինել ցեղասպանության մասին քննարկումների ճանապարհին՝ կարծում է քաղաքագետը։




