

Ապագա խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, ավելի քան քիչ ժամանակ կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին կողմնորոշվելու համար՝ ո՞վ եւ ո՞ւմ հետ է գնում ընտրապայքարի: Հարցադրումն ունի տրամաբանական շարունակություն՝ ի՞նչ PR տեխնոլոգիաներ են այս անգամ գործի դրվելու, քանի որ նախորդ մոտեցումները գուցե եւ հնացած են արդեն համացանցի հետ ընտրապայքարում: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ ընտրություններից առաջ կանխատեսում է նոր անանուն օգտատերերի թվաքանակի ավելացում, որոնք համացանցը կվերածեն մարտի դաշտի:
2017 թվականը դժվար տարի է համարում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, մեկ պարզ պատճառով՝ նախընտրական պատասխանատու տարի է: Ըստ նրա՝ ներքին վտանգները պայմանավորված են լինելու Ադրբեջանի հետ հարաբերություններով ու ապրիլին նախատեսված ԱԺ ընտրություններով: Ուսումնասիրելով տեղեկատվական լրահոսը, որի հիմնական հատվածը տարբեր ձեւաչափերով տեղ է գտնում համացանցում, Տիգրան Քոչարյանը ընտրություններին ընդառաջ ֆեյքերի աննախադեպ ավելացում է կանխատեսում։ Այսինքն, տեղեկատվական պատերազմ է ընթանալու կուսակցությունների միջեւ: Ի տարբերություն նախորդների՝ այս ընտրություններում լինելու է հստակ մշակված համացանցային պայքար:
«Բավականին մեծ ներքին պայքար է գնալու, ու օգտագործվելու են ոչ միայն կեղծ հաշիվներ, այլեւ տեղեկատվական գրոհներ կայքերի վրա, facebook-ի հաշիվների վրա: Այն մարդիկ, որոնք չեն ուզում կորցնել իրենց հաշիվները, խորհուրդ կտայի կես կատակ կես լուրջ՝ ապրիլին facebook-ն անջատել, գնալ գործերով, հետո նոր վերադառնալ»:
Ադրբեջանական ֆեյքերից նախընտրական շրջանում նույնպես սպասելի են հարձակումներ, ու ըստ Քոչարյանի, չի բացառվում ադրբեջանական դիրքորոշումների համացանցային մասսայականացում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որն էլ գործիք կօգտագործեն կուսակցությունները իշխանությունների դեմ պայքարում: Այդ հարցում ադրբեջանական քարոզչամեքենային կօգնի նաեւ Ադրբեջանում գտնվող Վահան Մարտիրոսյանը՝ կարծում է Տիգրան Քոչարյանը:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը անձնական դիտարկումներ ունի համացանցի ազդեցության մասին։ «Ֆեյսբուքն» այսօր լայն տարածում ունի, բայց ոչ լուրջ հարթակ է քարոզարշավ իրականացնելու եւ ընտրազանգված կողմնորոշելու համար: Այդուամենայնիվ փորձագետը հստակ պատկերացնելու համար առաջարկում է կատարել գիտական ուսումնասիրություն:
Տիգրան Քոչարյանը համակարծիք լինելով՝ հավելում է՝ Ֆեյսբուքում ներկայացված չէ Հայաստանի ամբողջ բնակչությունը, մասնավորապես՝ ընտրազանգվածի հիմնական մասը, որն աշխատում է աշխատանքային խիստ ռեժիմով, հետեւաբար այն չի կարող լինել քարոզչամեքնա, բայց կարող է հանդիսանալ որպես տեղեկատվական օրակարգ ձեւավորող:
Արդեն այսօր ֆեյսբուքը դարձել է ներքաղաքական եւ նախընտրական ակտիվ քննարկումների թեմա։ Ու ինչքան էլ գրավիչ լինի Տիգրան Քոչարյանի՝ այս շրջանում ֆեյսբուքդ փակելու կեսկատակ կեսլուրջ խորհուրդը, սակայն նախընտրական ակտիվությունը կհետապնդի ամենուր։




