

Հայաստանի բոլոր կառավարությունները հայտարարում են՝ պետք է զարգացնել տեղական արտադրանքը՝ հնարավորինս կրճատելով ներմուծումը: Ժամանակ առ ժամանակ մեր երկրում նաև թուրքական արտադրանքի դեմ է արշավ սկսվում, ինչպես օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Կառավարությունների ղեկավարը պարբերաբար հայտարարում են, որ պետք է ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինվի: Հերթական հայտարարությունը հնչեց օրերս՝ կառավարության նիստում:
«No Turkish» կամ «ոչ թուրքականին». Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող գեղեցկության սրահի դռանն այս հայտարարությունն է փակցված: Հայտարարության հետքերով պարզեցինք՝ վարսահարդար սիրիահայ Սարգիս Բերբերյանի նախաձեռնությունն է, որը այսօր էլ շարունակվում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան ամեն ձևով աջակցում է Ադրբեջանին: Ես էլ ուզեցի մի փոքրիկ շարժում սկսել։ Արդեն ժամանակն է, որ թուրքական ապրանքը մեր երկրից վերանա: Նկատում եմ՝ մարդիկ մի քիչ էլ հումորով են վերաբերում։ Ես չեմ ստուգում, թե մարդն ինչ շոր է հագել, բայց մյուս անգամ շոր գնելիս կարող է հիշել և թուրքականը չառնել: Պետք է աջակցենք, ուժեղացնենք հայկական արտադրությունը։ Պետությունն ինքն էլ պետք է իր կողմից քայլեր անի, որ մենք հայկական արտադրության ունենանք»:
Կառավարության փոփոխությունից հետո էլ ներմուծման փոխարեն տեղական արտադրանքի խրախուսումը մնաց առանցքային հարցերից մեկը: Օրերս կառավարության նիստում ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու առաջարկով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«ՀՀ կառավարությունները երբեք ծրագրերի պակաս չեն ունեցել»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու նշում ՝ «հայեցակարգերը վաղուց են մշակված, դրանք պետք է կյանքի կոչվեն»: Ներմուծման փոխարինման քաղաքականությունը դոփում է տեղում։ Տնտեսագետն առաջարկում է նախ պարզել, թե տեղական ռեսուրսներ ունեցող ինչ ապրանքախմբեր ունենք:
Մանասերյանը փաստում է՝ սննդի անվտանգության առումով անթույլատրելի կախվածություն է ստեղծվել, սննդի անվտանգության առումով 20 տոկոսից ավելին չպետք է ներմուծվի:
Իրավիճակն ուսումնասիրելու համար տնտեսական ներդրումների և զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության, պաշտպանության, առողջապահության նախարարները դեռ տասը և ավելի օր ժամանակ ունեն ՝ պատկերն ամբողջացնելու համար: Նրանք 20 օրվա ընթացքում նախ պետք է ապրանքներն ընտրեն, գնահատեն դրանց արտադրության համար անհրաժեշտ ծախսերը, ակնկալվող եկամուտները, շահութաբերությունը, շուկան ուսումնասիրեն:
Կառավարությունը պետք է հավասար պայմաններ ապահովի բոլոր արտադրողների համար, իսկ որ ամենակարևորն է, դրանք պետք է ավելի գրավիչ լինեն, քան այլ երկրներում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե կառավարությունն ստեղծում է նման պայմաններ եւ դրան զուգահեռ խթանում նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ նպաստում հանրության կրթական մակարդակի բարձրացմանը, ապա տնտեսությունը ունենում է երկարատեւ ու կայուն զարգացում:




