

«Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Այստեղ ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ: Պատկերասրահի ողջ հարստությունն այսօր վտանգված է»,-ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Լրագրողների հետ նրա հանդիպման նպատակը 2016-ի ամփոփումն էր ու 2017-ի կարևորագույն ծրագրերը, որոնց առանցքում աշխարհահռչակ ծովանկարչի հոբելյանական ցուցահանդեսն է ու գիտաժողովը:
«Բանակցություններ ենք տանում Վենիտիկի Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Երևանում ներկայացնենք Այվազովսկու «Քաոսը»,-ասաց պատկերասրահի տնօրենը:
2016-ի միջոցառումների ցանկում ևս պատկերասրահի տնօրենն առանձնացրեց Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» ՀԱՊ-ի արտերկրյա ցուցահանդեսը:
Ամփոփելով 2016-ին իրականացված աշխատանքները, նշեց, որ տարին հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով. ցուցահանդեսներ հետևյալ խորագրերի ներքո՝
- Բաժբեուկ Մելիքյան. Երկու սերունդ
- 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա
- Բենիկ Պետրոսյան. Բրոնզե դար հետահայաց ցուցադրություն
- Իրանական արվեստ և այլն
Կազմապերպվել են գիտաժողովներ, դասախոսություններ, իրականացվել կրթական ծրագրեր: 2016-ին Ազգային պատկերասրահ ու նրա 12 մասնաճյուղ է այցելել շուրջ 81 հազար այցելու:
Անդրադառնալով խնդիրներին, Արման Ծատուրյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցավոտ է մնում թանգարանի ջեռուցման և օդափոխության խնդիրը.
«Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Այստեղ ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ: Պատկերասրահի ողջ հարստությունն այսօր խիստ վտանգված է: Կառավարությունն ունի նպատակ՝ կառուցել ազգային պատկերասրահի նոր շենք: Դա մեր փափագն է, բայց եթե ցանկությունն իրականություն դարձնելու հնարավորություն չլինի, անհրաժեշտ է այս շենքում ստեղծել պայմաններ՝ մեր ժառանգությունը փրկելու համար»:
Արման Ծատուրյանի ձևակերպմամբ՝ թանգարանի վերականգնողներն աշխատում են օրն ի բուն: Ամեն օր տիտանական աշխատանք է իրականացվում՝ մշակութային արժեքները փրկելու համար:
«Հասկանալի է ծանր ժամանակներ են, բայց…»:
Պատկերասրահի տնօրենը հիշեցնում է Ուինսթոն Չերչիլի պատասխանը, երբ պատերազմի ծանր ժամանակներում նրան առաջարկում են փակել մշակույթի նախարարությունը:
«Իսկ ինչու՞ ենք մենք կռվում, եթե ոչ մեր մշակույթի համար»,-ասում է Միացյալ Թագավորության վարչապետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում այսօր պահպանվում է շուրջ 40 հազար թանագարանային առարկա:




