

ՌԴ ու Թուրքիան դեմ հանդիման են կանգնած բրեգզիտից հետո ձևավորված երկատված Եվրոպայի առջև, տարաձայնություններ կան նաև բազմաթիվ այլ հարցերում, սակայն երկու երկրների արտաքին քաղաքականությունները բնորոշվում են իբրև հավակնոտ: Վերլուծելով ռուս-թուրքական հարաբերությունները թուրքագետները հիմքում տեսնում են սիրական խնդիրը: Մինչև ուր կարող է հասնել այդ մտերմությունը:
Ռուս- թուրքական հարաբերությունների ջերմացումը հարաբերությունների լիակատար վերականգնում չէ, այլ շատ զգուշավոր մտերմություն՝ համոզված է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի վարչության վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ում դիտարկմամբ՝ այս երկու երկրները բազմաթիվ հակասություններ ունեն, մասնավորապես ՝ ղարաբաղյան խնդրում ու քրդական հարցում: Սիրիական խնդրում Ռուսաստանը սակայն կարողացավ 180 աստիճան փոխել Թուրքիայի դիրքորոշումը.
«ՌԴ-ն կարողացավ հասկացնել Թուրքիային, որ առանց ՌԴ անհնար է սիրական ճգնաժամի հանգուցալուծում»:
Էրդողանն այսօր լուսանցքից դուրս վիճակում է հայտնվել ներքաղաքական հարցերում և սահմանադրական փոփոխություններով փորձում է միանձնյա ղեկավարում ստանձնել։ Փոփոխություններով նախատեսվում է ԱԺ պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600՝ պատճառաբանելով բնակչության թվաքանակի ավելացումը, իջեցրել է ընտրողների տարիքային շեմը՝ 25-ից դարձնելով 18՝ մտածելով, թե երիտասարդությունն ավելի հակված է կլինի Էրդողանի շահերին ծառայել: Փորձում է վերացնել ռազմական դատարանները:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն էլ ռուս թուրքական հարաբերությունները դիտարկեց ինքնաթիռի խոցումից հետո ստեղծված իրավիճակի վերլուծությամբ: Այդ միջադեպը լուրջ հարված հասցրեց Թուրքիայի զբոսաշրջությանը, ինչն էլ Էրդողանին ստիպեց, ըստ թուրքագետի, մասնակի ներողություն խնդրել Մոսկվայից: Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման գլխավոր պատճառը թուրք-սիրական հատվածում քրդերի ակտիվության կանխումն էր.
«Թուրքիան դեմ կառներ քրդական պատնեշին»:
Ռուսաստանի համար էլ կարևոր էր «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի իրագործումը: Բացի դա, ըստ թուրքագետի, այդ երկու երկրներն էլ տառապում են կայսերապաշտական մոլուցքով և ուզում են ցույց տալ, որ ԱՄՆ այս տարածաշրջանում անելիք չունի: Սակայն մի նկատառում թուրքագետներին մտորելու տեղիք է տալիս: Եթե Մոսկվան ու Անկարան կարողանան համաձայնության հասնել սիրիական խնդրում, հերթը կհասնի նաև Հարավային Կովկասին:
Այս հարցում Իրանն էլ, բնականաբար, ասելիք ունի՝ նկատում է Հայկ Գաբրիելյանը:
Իրանի համար ղարաբաղյան խնդիրն ազգային անվտանգության հարց է, և դժվար թե Թեհրանը համաձայնի ադրբեջանամետ որևէ լուծման, քանի որ չի ուզում լայն սահմաններ ունենալ Ադրբեջանի հետ:
Սակայն Թուրքան այժմ փորձում է օգտագործել ՌԴ-ին՝ հնարավորինս շատ դիդիդենտներ կորզելու նպատակով:
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ իրականում կա ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում:
«Անխոս, այո։ Ռուսաստանը ներկա դրությամբ Աստանայում համաժողով է կազմակերպում սիրիական խնդրով, Ռուսաստանը համակարգում է մարտական գործողությունները Սիրիայի տարածքում, օրերս ստորագրվել է համաձայնագիր գլխավոր շտաբների միջև: Այս հարաբերություններում, իհարկե, մերձեցում կա»:
Այս միությունը, իհարկե, չի նշանակում դասական դաշինք, կան տարաձայնություններ, որոնք կողմերը մի կողմ են թողել, քանի որ այս պահին գլխավորը հիմնական թշնամու ՝ ԻՊ դեմ պայքարի մասին է։




