

Միմյանց հաջորդող արցունքներ ու ծիծաղ գրեթե ողջ ֆիլմի ընթացքում: Զգացմունքներով լի ֆիլմը միանգամից սիրեց ու ընդունեց հայ հանդիսատեսը: «Կյանք ու կռիվ». ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմն արդեն շարունակություն ունի՝ «Կյանք ու կռիվ 25 տարի անց»:
Սեր, երազանքներ ու պատերազմ. 2016-ի սեպտեմբերին էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը Ալբերտ և Մհեր Մկրտչյանների հետնորդի առաջին աշխատանքն էր հայկական կինոշուկայում, որը, սակայն, սիրվեց ու ընդունվեց ոգևորությամբ: Կինոյի ամենասուր քննադատներն անգամ խոստովանում են՝ ժամանակակից հայ կինոյի պատմության մեջ սա միանգամայն նոր որակ է: «Կանխատեսել, որ ֆիլմը կունենա նման հաջողություն, անհնար էր, բայց արձագանքն իսկապես հաճելի էր»,-խոստովանում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։Օրերս կայացավ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: Որ ֆիլմը կունենա շարունակություն, ակնհայտ էր արդեն առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք դեպի 2016 թվական, ինչ ճակատագրի արժանացավ հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց: «Կյանք ու կռիվ 2»-ի առանցքում մերօրյա իրադարձություններն են. քառօրյա պատերազմը` արցախյան ու հայաստանյան զարգացումների խորապատկերում։
Հաջողված ֆիլմի գաղտնիքը ռեժիսորը պայմանավորում է ոչ միայն քիմիայով, այլև սցենարով: «Լավ սցենարով կարող ես նկարել վատ ֆիլմ, բայց վատ սցենարով լավ ֆիլմ նկարել չես կարող»,-ասում է Մհեր Մկրտչյան կրտսերը: Չափազանց կարևորում է ստեղծագործական թիմը, որի հետ աշխատում է։
Մհեր Մկրտչյանի համոզմամբ լավ ֆիլմը ծնվում է լավ պայմաններում, ինչպիսի պայմաններում ծնվեց նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմը, իսկ ինչն է պակասում ժամանակակից հայ կինոյին հարցիս արձագանքում է ՝ մրցակցությունը:




