Տնտեսական

Վարչապետը հանձնարարել է սոցապ նախարարին արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել


Սոցիալական ոլորտին վերաբերող հանձնարարականների մի ամբողջ շարք՝ վարչապետ Կարեն Կարապետյանից՝ կառավարության այսօրվա նիստում։ Դրանց առյուծի բաժինն ուղղված էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում »,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ կառավարության նիստից հետո է հանդիպել լրագրողների հետ, խոսել համակարգային փոփոխություններից ու նշել, որ ԲՍՓ համակարգում   փորձել են վերացնել պատճառները ծնող երևույթները։ «Այդ ձևաչափը ձեռք է տվել բոլոր կողմերին»,- ասել է նախարարը՝ նշելով,- հունվարին կառավարության հաստատմանն են ներկայացնելու   ծառայությունների փաթեթ՝  ըստ գնահատված կարիքի»: Հաշմանդամություն ունենալն ու հիվանդ լինելը տարբեր բաներ են, դրանք պետք է հստակ տարանջատվեն: «Հիվանդ լինելը դեռևս  հաշմանդամություն   չի նշանակում»,- ասել է Արտեմ Ասատրյանն ու հավելել, որ չափորոշիչների ոչ հստակ լինելը միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս:  Արմատական փոփոխությունների առաջարկություն ենք ներկայացրել՝ հայտնել է նախարարը:

 

Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: Երեկ արդեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել: Այսօր կառավարության նիստն սկսվեց ինչպես այս, այնպես էլ սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք հանձնարարականներով: Կարեն Կարապետյանի խոսքով,  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում էվոլուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից:  Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը ոլորտում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին  վարչապետը հանձնարարեց  տասնօրյա ժամկետում արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել:

Արդեն կառավարության նիստից հետո  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվեց  ԲՍՓ գործակալության տնօրեն  Արմեն Սողոյանի ձերբակալության  հետ կապված որևէ գնահատական տալուց, կոնկրետ դեպքին այս պահին ճիշտ չէ գնահատական տալը՝ ասաց: Միայն նշեց, որ վերջինիս առաջ աշխատանքի ընդունելիս երկու կարևորագույն խնդիր են առաջադրել:

«Գնացել ենք համակարգային ճանապարհով»,- ասաց՝  նշելով, որ պետք է ծնող պատճառները վերացնել: Իրականում 2014 թ. ծանր ու տաժանակիր աշխատանք ենք արել՝ նշեց ոլորտի պատասխանատուն՝  վստահեցնելով՝  տարեկան 75 հազար մարդ փորձաքննության հետ է առնչվում:

«Գնահատելով կարիքը, նախատեսելով ծառայությունների փաթեթը՝ պետք է ապահովենք ծառայությունները՝ անկախ  հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից»,- ըստ նախարարի սա կարևոր ու սկզբունքային մոտեցում է: Չափորոշիչների ոչ հստակ լինելը, մեկը մյուսի վրա  ներառված լինելը  միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս՝ ասաց նախարարը՝ նշելով, որ արմատական փոփոխությունների առաջարկությունը կառավարությանը կներկայացվի հունվարին։

Ոլորտը  կկարգավորվի  միասնական ընդունարանների միջոցով,  փաստաթղթերի կենտրոնացված մարմին կստեղծվի, որն էլ կիրականացնի փաստաթղթային փորձաքննություն: Նախարարության գնահատմամբ, որոշումների շուրջ 30 տոկոսը հնարավոր կլինի կայացնել՝ առանց քաղաքացուն զննելու:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է  նաև սոցիալապես անապահովների համար նախատեսված նպաստների տրամադրման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ նշելով, որ այս համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ: Բացի այդ՝ պետք է անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում իրականացվի՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ:

«Մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալը խթանելու ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»:

«Աշխատունակ անձանց համար ապախթանիչ մեխանիզմներ պետք է դնենք, որպեսզի համակարգում աշխատունակ անձինք չլինեն, ովքեր թաքնված զբաղված են կամ չեն ցանկանում աշխատել՝ ասում է նախարարը։

Կենսաթոշակների ոլորտում ու  հատկապես  ստաժի հաշվարկման  հարցում խդնիրները  կան, որոնք կլուծվեն՝ կրկին վարչապետի հանձնարարականով։ Այստեղ իսկապես ունենք խնդիրներ՝ խոստովանեց  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը՝  միաժամանակ հիշեցնելով, որ նախկինում այս ոլորտում առկա խնդիրներն աստիճանաբար լուծվում են:

Կարդացեք նաև

Back to top button