

Այսօր հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից սանձազերծված սադրանքը հստակ արձագանք պետք է ստանա միջազգային հանրության կողմից: Իրավիճակին այսօր արձագանքել են ԱԺ պատգամավորները՝ պնդելով՝ չպետք է կրկնվի ապրիլյան քառօրյա պատերազմի վիճակը, երբ հայկական կողմը որդեգրել էր պաշտպանողական կեցվածք: Բացի այդ՝ միջազգային ասպարեզում Հայաստանը պետք է հանդես գա պահանջատերի դիրքերով:
Ադրբեջանը կորցնում է իրականության զգացողությունը եւ արդեն խախտում է միջազգային բոլոր հնարավոր պայմանավորվածությունները: Փաստն այն է, որ միջազգային կառույցների անդամ մի երկիր հարձակվում է նույն կառույցների մեկ այլ անդամ երկրի վրա: Հայաստանի պատասխանը պետք է լինի աղմկոտ, պահանջատեր, իսկ միջազգային հանրությունն այս դեպքում ըմբռնումով պետք է մոտենա՝ պնդում են խորհրդարանական դիվանագիտության մասնակիցները: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարկ է համարում հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարությունը:
Կոշտ եւ կտրուկ պատասխանները հակառակորդին ստիպելու են լռել՝ համոզված է պատգամավորը՝ հիշեցնելով պատմությունը՝ ցանկացած ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմը ստիպված է միջնորդներ գտնել՝ հայկական կողմի առաջխաղացումը կանխելու համար:
Լռության պատը պետք է ճեղքել՝ իր հերթին պնդում է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայկական կողմից նկատում է ոչ բավարար ակտիվություն՝ ահազանգերի եւ աղմուկի առումով, միջազգային հանրության կողմից՝ ոչ բավարար արձագանք: Պատգամավորը պնդում է՝ Հայաստանը չպետք է միայն աղմկի, պետք է պահանջատեր լինի:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի փորձում կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, նաեւ չի փորձում հերթականություն սահմանել՝ առաջնային կարեւոր քայլերի համար՝ այդ գործը թողնում է արտաքին քաղաքական գերատեսչությանը: Ասում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը հստակ իր անելիքը գիտի:
Ի դեպ, այս առումով հետաքրքրական է, որ անվտանգության համակարգը, որում ներգրավված է Հայաստանը՝ դեռ հոկտեմբերից գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ընտրվեր եւ կառույցը ռոտացիոն կարգով ղեկավարեր մեր պետության ներկայացուցիչը: Դա տեղի չի ունենում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պատճառով: Տարբեր հիմնավորումներով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստան չժամանեցին նաեւ ԵԱՏՄ հերթական միջոցառման մասնակից պետությունների վարչապետերը:
Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ դա քայլ է նաեւ Ադրբեջանին չնեղացնելու համար: Այս ամենին, նաեւ «Ռադիոլուր»-ի հարցին՝ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանում է հակիրճ՝ «Կապրենք՝ կտեսնենք»:




