ՎերլուծականՔաղաքական

Աշխատանքային գործընթա՞ց, թե՞ կառույցի ճգնաժամ. փորձագետները ԵՏՄ գագաթաժողովի մասին

Եվրասիական տնտեսական խորհրդի սանկտպետերբուրգյան նիստում ստորագրվեց Մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵԱՏՄ 5 անդամներից 3-ը.  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստին չէր մասնակցում, իսկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ներկա էր, բայց   հրաժարվեց միանալ  փաստաթղթին:  Միության պատասխանատուներն ու փորձագիտական շրջանակները տարբեր գնահատականներ են տալիս իրավիճակին: Առաջինների կարծիքով՝ ԵԱՏՄ-ն  աշխատանքային նորմալ  ընթացքի մեջ  է, իսկ հակասությունները տրամաբանական ու հաղթահարելի են:  Մյուս կողմի կարծիքով՝  Մաքսային օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակը  կառույցի ճգնաժամը փաստող ակնառու դրսևորում է:

 

Մաքսային օրենսգիրքը Եվրասիական տնտեսական միության  հիմնարար և առանցքային  փաստաթղթերից մեկն է, որը փորձելու է կարգավորել  մաքսային հարաբերությունները միության տարածքում և ըստ էության շոշափելու է բոլոր անդամների առևտրային շահերը: Այն, որ շահերի համադրումը հեշտ չի լինելու և փոխհամաձայնությունները դժվար են գտնվելու, ապացուցվեց ԵԱՏՄ խորհրդի վերջին նիստի ժամանակ: Փաստաթղթի տակ ստորագրեցին 5 անդամներից երեքը: Բելառուսի ու Ղրղզստանի նախագահների ստորագրությունները նախածի տակ չկան: Բելառուսի նախագահն ընդհանրապես նիստին չէր մասնակցում, Ղրղըզստանինը մասնակցում էր, բայց չստորագրեց:

Միանգամայն նորմալ աշխատանքային իրադրություն է: Օրենսգիրքը կենսունակ է, այն այլընտրանք չունի և վաղ թե ուշ  անկասկած ուժի մեջ կմտնի՝ այսպես էր արձագանքել  իրավիճակին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, ԵԱՏՄ-ին անդամակցող  յուրաքանչյուր երկիր մտածում է իր շահերի մասին: Բոլորի շահերի ներդաշնակեցումը բարդ աշխատանք է, որը, պետությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կշարունակվի կառավարությունների մակարդակով»,-ասել էր Պեսկովը, նաև հավելել՝ սա այն բաժակն է, որն ավելի շուտ լիքն է, քան դատարկ:

Արդյո՞ք հայ փորձագետների հայացքով էլ բաժակն  ավելի շատ լիքն  է, քան՝ դատարկ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այն խնդիրները, որոնք երևացին սանկտպետերբուրգյան գագաթաժողովի ժամանակ, փաստում են, որ կառույցն ավելի շատ կայացման գործընթացի մեջ է , քան՝ կայացման ճգնաժամի: «Այն խնդիրները, որոնց շուրջ համաձայնության չկարողացան գալ Բելառուսն ու Ղրղըզստանը, բացատրվում են կառույցում այդ երկրների մասնակցության փաստով և առանձնահատկություններով»:

Մինսկը, ըստ Մինասյանի, խնդիր է դրել  հավելյալ  մաքսային արտոնություններ ստանալ, Ղրղըզստանը փորձում է փոխհատուցումներ կամ ճիշտ լուծումներ  գտնել իր համար ամենակարևոր ՝ Չինաստանի հետ  առևտրային հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ: «Այսինքն, մաքսային կամ տնտեսական էգոիզմից ելնելով ՝ փորձում են, այդ թվում նաև բավական կոշտ մեթոդներով,  առաջ քաշել սեփական շահերը»:

Իր շահերն առաջ քաշել գագաթաժողովի ընթացքում փորձեց նաև Հայաստանը:  Մեր երկրի նախագահն անդրադարձավ  վրաց-ռուսական Լարսի անցակետի խնդրին, նշելով, որ Հայաստանի համար  սուր է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: Սերժ Սարգսյանը խոսեց առանձին անցուղու անհրաժեշտության   և ըստ էության այն ստեղծելու առաջարկ արեց կամ առնվազն մտահոգություն բարձրացրեց:

«Այո, Հայաստանը մտահոգություն բարձրացրեց, բայց մենք նաև հասկանում ենք, որ չնայած տնտեսական բաղադրիչին, Հայաստանի մասնակցությունը առավելապես պայմանավորված է աշխարհաքաղաքական առանձնահատկություններով: Սա ենթադրել է տալիս, որ մեր սպասելիքները պետք է համեստ լինեն»,- ասում է Մինասյանը։

Ավելի կատեգորիկ  են  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատականները: Իր դիտարկումները նա կառուցում է այն մոտեցման վրա, որ ԵԱՏՄ-ն  արժեքների ու սկզբունքների  վրա հիմնված կառույց չէ: Սա միավորում է, որը ստեղծվել է շահերի իրավիճակային համընկնման վրա: «Ասենք՝ երկու տարի առաջ համընկան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի շահերը, ստեղծվեց միությունը: Հիմա ժամանակը գնում է, պարզվում է, որ տարաձայնությունները լուրջ են, պարզվում է, որ շահերը չեն համընկնում: 5-ից 2-ի կողմից փաստաթղթերի չստորագրումը   խոսում է դրա մասին»:

Հայաստանի կողմից սահմանակետի հարցի շուրջ մտահոգություն բարձրացնելը  Ստեփան Գրիգորյանը տեղին  է համարում, բայց մեծ լավատեսություն չունի, թե առաջարկի իրագործումը ընթացք է ստանալու: «Փորձը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում Հայաստանը, այո, հարցեր է բարձրացնում, ինչը ճիշտ է, բայց  դրանք այդպես օդում կախված էլ մնում են: Այս դեպքում էլ ամենակարճ հարցը կարող է մեզ տրվել ՝ իսկ դուք չգիտեի՞ք, որ ընդհանուր սահման չունեք»:

Մեր  զրուցակիցների ոչ միայն գնահատականները, այլ նաև ակնկալիքներն էին տարբեր ԵԱՏՄ հեռանկարի հարցում: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ միության ներսում հաջորդ տարվա ընթացքում հակասություններն էլ ավելի կխորանան:  Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ հակասություններ կլինեն, բայց միևնույնն է՝ դրանց շուրջ ընդհանուր հայտարար գտնելու կողմերի շահագրգռությունը ավելի մեծ կլինի: ԵԱՏՄ-ի կայացման գործընթացը, ըստ փորձագետի, դժվարությամբ, բայց ընթանում է:

Կարդացեք նաև

Back to top button