

Հրդեհային անվտանգության տեսանկյունից Ամանորին ընդառաջ հատկապես կարեւորվում են զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը: Այս մասին այսօր հիշեցրել է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչական բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ կոչ անելով լինել զգոն եւ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության ու հրավառության նյութերի օգտագործման կանոնները:
Ամանորին ընդառաջ խոսելով հրդեհային անվտանգության խնդիրների մասին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչական բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ հատկապես կարեւորվում է հրավառությունների հետ կապված խնդիրը: Յուրաքանչյուր տարի այս մասով աշխարհում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում՝ ողբերգական հետեւանքներով: Սերգեյ Հայրապետյանի փոխանցմամբ՝ թեպետ Հայաստանում վիճակը բավականին բարվոք է, սակայն, դա չի նշանակում, թե պետք է թուլացնել զգոնությունը: Նա ասաց, որ այս տարի մեր երկրում 4 դեպք է գրանցվել, անցյալ տարի՝ 7 դեպք եւ, բարեբախտաբար, դրանք եղել են աննշան հրդեհներ՝ առանց լուրջ հետեւանքների:
«Խորհուրդ կտամ, որ հրավառության ապրանքներ ձեռք բերվեն համապատասխան մասնագիտացված խանութներից, որոնք բավականին շատ են»:
Կենցաղային նշանակության հրավառությունների վրա պետք է պարտադիր կերպով նշված լինի հայերեն հրահանգավորումներ՝ անվտանգ օգտագործման մասին: Սերգեյ Հայրապետյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա: Միաժամանակ, նրա խոսքով, նման մակնշման գոյությունն էլ բավարար չէ, թե այն լիովին որակյալ ու անվտանգ կարող է լինել, ուստի հրավառության բոլոր կանոնների խստիվ պահպանումն անհրաժեշտություն է՝ դժբախտ դեպքերից խուսափելու համար:
Ի դեպ, հրավառության ապրանքների ներմուծման, վաճառքի եւ վերահսկողության հետ կապված ԱԻՆ-ը լիազորություններ չունի: Սերգեյ Հայրապետյանը նաեւ անդրադարձավ ջեռուցման սարքերի անվտանգության հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դրանցից ծագած հրդեհներն ու դրանց անվտանգ օգտագործման կանոնների չպահպանելու հետեւանքներն, ինչպես վիճակագրությունն է փաստում, մեր երկրում ավելի մտահոգիչ է ձմեռային ամիսներին ընդհանրապես: Այդ առումով ԱԻՆ-ը համապատասխան իրազեկման աշխատանքներ մշտապես կատարում է: Ամանորին ընդառաջ էլ՝ բոլորին կոչ անում դրսեւորել առավելագույն զգոնություն եւ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:




