

Անցնող տարին իր «փուլային քաղաքականությամբ» վատ անդրադարձավ Թուրքիայի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության համար: Թուրք-քրդական հակամարտությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ եթե մինչեւ տարվա կեսը Թուրքիան վարում էր արեւմտամետ քաղաքականություն, ապա հայտնի հեղափոխության փորձից հետո, այդ երկրի արտաքին քաղաքականությունը շեղվեց դեպի Ռուսաստան եւ սկսեց վարել ռուսամետ քաղաքականություն, որն իր արձագանքը գտավ եւ հետեւանքն ունեցավ քրդական հարցով:
Մինչեւ հունիս Թուրքիան քրդերի նկատմամբ վարում էր շատ կոպիտ, ռազմականացված քաղաքականություն, իսկ հեղաշրջման հայտնի փորձից հետո սկսվեցին նաեւ ձերբակալությունները, այդ թվում՝ քրդերի շրջանում: Դրան հաջորդեցին քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները թրքաբնակ շրջաններում: Թուրք-քրդական հակամարտությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետեւանքով արեւմտյան ուժերը սկսեցին աջակցել քրդական ուժերին: Այսպիսով՝ կրկին օրակարգ է մտնում թուրք-քրդական հարցը։
Տեղի ունեցած զարգացումների արդյունքում այսօր Թուրքիայում կա համախմբված քրդական համայնք: Այդ համախմբմանը աջակցություն կա նաեւ հյուսիսային Իրաքում ձեւավորված Քուրդստանից՝ կարծում է փորձագետը: Ըստ նրա՝ անցնող տարին դրական տարի է եղել քրդերի համար, քանի որ նրանք կարողացան աշխարհին ցույց տալ, թե ինչ է կատարվում Թուրքիայում քրդերի հետ: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, ըստ փորձագետի, մեծապես պայմանավորված կլինի Թուրքիայի վարելիք արտաքին քաղաքականությամբ:
Առաջիկայում քրդերը շարունակելու են ինքնահաստատվել արտաքին քաղաքականությունում, սակայն, ըստ թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանի, Թուրքիայի ներսում քրդերի համար որոշակի հաջողություններ ունենալը շատ կասկածելի է: Դրա համար կան լրջորեն ազդող գործոններ:
Փորձագետը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող ներկայիս զարգացումները քրդերի համար ստեղծում են բարենպաստ իրավիճակ՝ իրենց ազգային պետությունը ստեղծելու համար: Դժվար է, սակայն, ասել, թե այդ ամենն ինչպիսի գործոն կարող է լինել աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից: Մի բան, ըստ փորձագետի, հստակ է՝ թուրք-քրդական հակամարտությունը թուլացնում է Թուրքիան:
Հայտնի է, որ այսօր Թուրքիան չի կարողանում արտահանել հանքանյութ, ինչպես նաեւ քրդերի վարած քաղաքականության պատճառով Թուրքիան չի կարողանում Հյուսիսային Իրաքից Քուրդիստանի տարածքով գազ ու նավթ արտահանել սեւ շուկա՝ եզրափակեց թուրք-քրդական հակամարտությունների հարցերով փորձագետը:




