Հասարակություն

Լեզվի տեսչությունը գոհ չէ դասագրքերի եւ սերիալների լեզվից

Կառավարության որոշման համաձայն՝ 2015 թվականից տեսչությունների գործառույթները որոշակիորեն սահմանափակվել են և այդ որոշումից անմասն չի մնացել նաև լեզվի պետական տեսչությունը։ Այն այս տարի սահմանափակվել է միայն արձանագրություններ կազմելով: Տեսչության մեկ տարվա դիտարկումներից միայն 270-ի դեպքում առկա են եղել ակնհայտ խախտումներ: Ամփոփելով կառույցի անցնող տարին՝ տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտնել է, որ 2016 թվականի ընթացքում 2,5 մլն դրամի մուտք են ունեցել պետբյուջե:  Տեսչության մշտական ուշադրության կենտրոնում են եղել թե գովազդային ցուցանակները, թե եթերի, թե դասագրքերի լեզուն:

 

Միայն 2016 թվականի ընթացքում  Լեզվի պետական տեսչությունը 470 դիտարկում է իրականացրել, որից 270-ի դեպքում արձանագրվել է օրենսդրության ակնհայտ խախտում: Ամփոփելով տեսչության անցնող տարին՝ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ արձանագրված խախտումների 50 տոկոսը տնտեսվարողների կողմից վերացվել է: Մնացածի դեպքում իրավիճակը նույնն է: Խախտումներն առաջին հերթին վերաբերում են գովազդային ցուցանակներին և, ինչպես նկատեց Սերգո Երիցյանը, մարզերում իրավիճակը շատ ավելի բարվոք է, քան՝ մայրաքաղաքում:

Ընթացիկ տարվա ընթացքում լեզվագիտական փորձաքննություն են անցել նաև բոլոր դասագրքերը: «Մոտավորապես 25 դասագիրք կարողացել ենք դիտարկել: Եթե համեմատենք մի քանի տարի առաջվա և այսօրվա դասագրքերը՝ դրական փոփոխությունը ակնհայտ է: Սակայն կան դասագրքեր, որոնք չեն փայլում մտքի արտահայտման տեսանկյունից: Երբեմն աշակերտներին մատուցում են երկարաշունչ նախադասություններ: Դասագրքերի հեղինակները երևի թե մեր խորհուրդների կարիքն ունեն, որպեսզի կարողանան մատչելի և ինչ- որ տեղ նաև գրագետ լեզու օգտագործեն»:

Տեսչության մշտական ուշադրության կենտրոնում է եղել նաև եթերի լեզուն: Այս առումով տեսչության պետին ամենից շատ մտահոգում են սերիալները։ Երկխոսությունները հիմնականում փողոցային լեզվով են՝ նկատում է Երիցյանը:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ կա կառավարության հստակ որոշում, ըստ որի մինչև այս տարվա վերջ տեսչությունների  գործունեությունը որոշակիորեն սահմանափակվում է, լեզվի պետական տեսչությունը ևս սահմանափակվում է բացառապես արձանագրելով: Սերգո Երիցյանը վստահ է՝ այս և լեզվական բոլոր այլ խնդիրներն իրենց արդարացի լուծումը կստանան միայն համապատասխան օրենքն ընդունելուց հետո: Այդ ժամանակ կվերագործարկվի նաև հայերենի բարձրագույն խորհուրդը և գուցե այդ ժամանակ վերջապես ունենանք լեզվաքաղաքականության զարգացման պետական ծրագիր:

Ի վերջո՝ լեզուն մշտապես օգնության կարիք ունի թե օրենսդրորեն, թե ենթաօրենսդրական, թե հասարակական կարծիքի արտահայտման առումով՝ նշեց Սերգո Երիցյանը:

Կարդացեք նաև

Back to top button