

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր անցկացրել է քննարկում՝ նվիրված ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությանը: Կառավարության ներկայացուցիչներն ու փորձագետները քննարկվել են վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա աշխատանքների արդյունքները՝ կապված բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի եւ պետական ծախսերի արդյունավետ կառավարման ոլորտներում տրված խոստումների ու դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերի հետ: Հրապարակվել են նաեւ նույն հարցի վերաբերյալ առցանց անանուն հարցումների արդյունքները:
ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի անցկացրած առցանց եւ անանուն հարցումների համաձայն՝ վարաչապետի գործունեությունը հիմնականում բավարար է գնահատվում, իսկ առանձին ոլորտներում պետական ծախսերի կրճատման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը՝ անբավարար: Այս մասին տեղեկացրեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Այս ընթացքում հրապարակային ելույթներ ու հանձնարարականներ են հնչել և վարչապետի հանձնարարականներից, ընդհանուր ձեւակերպմամբ, չեն եղել շեղումներ՝ քննարկումներում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Այլ հարց է, թե ինչպիսիք են եղել սպասելիքները: Ակնհայտ է, որ բոլորիս սպասելիքները՝ ամենուր, շատ ավելին են, քան իրականում, ցավոք սրտի, կարողանում ենք արձանագրել»:
Ըստ Ջանջուղազյանի՝ 2017թ համար բյուջեն կկազմի 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 87 մլրդը ամրագրված է օրենքներով, իրավական ակտերով, 95 մլրդ-ը միջազգային պարտավորություններն են, 85 մլրդ-ը ազատ օգտագործման համար է և օրենքներով չի նախատեսված: Այս փոքր մասն էլ, ըստ նրա, հասկանալի է, որ նախատեսված է աշխատանքային պայմանների համար: Ծախսերի արդյունավետությունն էլ գնահատելու համար, ֆինանսների փոխնախարարի խոսքով, դեռ ժամանակ կա: Նա հավելեց նաեւ, որ միշտ էլ արդյունավետությունը բարձրացնելու տեղ կա՝ նայած ինչ չափորոշիչով է գնահատական տրվում:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի բնորոշմամբ՝ մի շարք քայլեր, օրինակ՝ կրճատումները, կատարվում են ճգնաժամային ռեժիմի տրամաբանությամբ.
«Ինչը, իհարկե, կարճ ժամանակի համար շատ անհրաժեշտ է, բայց հեռանկարային առումով դա չի կարող լինել բավարար եւ չի կարող լինել այն, ինչը պահանջված է Հայաստանում»:
Կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքագետ Թամարա Գևորգյանի դիտարկմամբ՝ կառավարություններ փոխելը համակարգի համար ցնցում է եւ նման պարագայում չտալով գնահատականներ, թե ինչու են փոխվում՝ դրական բան չի կարող բերել արդյունավետության տեսանկյունից:
Քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը շատ ցածր է, որը կենտրոնացած է կառավարման իշխող կուսակցության ներսում՝ կարծիք հայտնեց փորձագետ Արշալույս Մղդեսյանը: Ըստ վերլուծաբանի՝ տեղի են ունեցել հիմնականում քաղաքական իրավիճակից դրդված քաղաքական փոփոխություններ, որոնցից տնտեսական մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ:
Լավագույն գնահատականն էլ, ըստ բանախոսի, բյուջեի հիմքում դրված գնահատականն է, թե՝ տնտեսական իրավիճակի բարելավումը կախված է ՌԴ-ի իրավիճակից և մետաղների համաշխարհային գնի բարձրացումից:




