

«Զարգացումները Ռուսաստանում և ԱՄՆ-ում Հայաստանի հետ առնչությունների համատեքստում. տարվա ամփոփում»: Այս խորագրով հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծիք է հայտնել, որ, մասնավորապես, հայ-ռուսական համագործակցության առոuմով պետք է ուշադրություն դարձնել մի քանի ուղղության՝ նախ ինտեգրացիոն ծրագրերին և տարբեր բնագավառներում երկկողմանի փոխհարաբերություններին: Նույն տեսանկյունից «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանն անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումներին և Հայաստանի հետ դրանց առնչություններին:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կառույցների համագործակցությունը կարևորում է, քանի որ ռազմական դաշնակից է, ով զենք է տրամադրում՝ տարածաշրջանային խնդիրները նվազեցնելու համար.
«Այսինքն, մենք ունենք ամբողջ ճակատը, որի շրջանակներում ռազմական համագործակցությունը ձեւավորվում է, կարելի է ասել, ստանում իր միս ու արյունը, և այս ամենը տեղի է ունենում նաեւ այն ֆոնի վրա, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես այն երկրներից մեկը, որը ներգրավված է Հայաստանի, ըստ էության, անվտանգային էլեմենտների հիմնական հարցերի մեջ»:
Խոսքը, բնականաբար, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին է, որտեղ ՌԴ-ն և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է, և՛ ռազմական դաշնակից երկիր, որը գտնվում է Հայաստանի հետ նույն հարթության վրա՝ խնդրի կարգավորման ընկալման տեսակետից՝ պարզաբանեց քաղաքագետը: Ըստ նրա՝ տնտեսական բնագավառում էլ եթե 2015թ-ին ապրանքաշրջանառության ծավալներն անկում են ունեցել՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներով, նաև նավթի գնի անկմամբ և այլ գործոններով, այս տարվա վերլուծված տվյալներով՝ զարգացումներում նկատվում է դրական միտում: Օրինակ՝ 50 տոկոսով ավելացել է արտահանումը, իսկ 20%-ով՝ ընդհանուր շրջանառությունը: Ավելին՝ նկատվում է, որ ՌԴ-ն հետաքրքիր գործընկեր կլինի նաև ապագայում՝ համոզմունք հայտնեց Ալեքսանդր Մարգարովը:
«Մենք տեսնում ենք, որ նույն գազի գնի նվազումը, որը լինելու է , դա ազդելու է նաեւ Հայաստանի արտադրողի վրա, այն իմաստով, որ նվազելու է ապրանքի գինը եւ դարձնելու է այն ավելի մրցունակ»:
Հայաստանի հետ առնչությունների տեսանյունից խոսելով ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումների մասին՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը նկատեց, որ 2016թ-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններով պայմանավորված, արտաքին քաղաքականությունում այն ավելի պասիվ էր: Դա էլ, ըստ փորձագետի, դրսևորվեց նաև հայ-ամերիկյան հարաբերություններում: Այդուամենայնիվ, փորձագետի գնահատմամբ, տարվա կտրվածքով կարևոր էր հայկական կողմից ԱՄՆ-ում անցկացված ներդրումային համաժողովի նախաձեռնությունը, որը տեղավորվում է հայ-ամերիկյան փոխշահավետ հարաբերությունների բանաձեւի մեջ:
«Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները դրական են նրանով, որ Հայաստանին հնարավորություն են տալիս իր ներդրումային հնարավորությունները տեսանելի դարձնել տարբեր միջազգային, այդ թվում՝ նաեւ ամերիկյան, դոնորներին»:
Տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ԱՄՆ դերակատարությանն անդրադառնալով՝ փորձագետը նկատեց, որ Վիեննայում նախագահների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ:
«Շատ հետաքրքիր էր նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի վերջին հայտարարությունը. ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանի հակամարտություններին, զուգահեռներ անցկացրեց մասին խոսքում Կարծում եմ, որ այդ զուգահեռները պատահական չէին եւ ԱՄՆ-ի մոտ գալիս է այն գիտակցումը, որ հակամարտությունը չի կարող վերջնական լուծում ստանալ, եթե չիշխի ժողովրդավարություն, քանի որ հակառակ դեպքում կողմերի միջև չի ձեւավորվի վստահություն»:
Փորձագետն անդրադարձավ նաեւ ԱՄՆ ևս երկու նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման փաստին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Արցախի նախաձեռնությամբ մեկ քայլ ավելին պետք է արվի, որպեսզի այդ ճանաչումն ինքնանպատակ չլինի: Ինչ վերաբերում է Թրամփի ընտրությանն ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխությանը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում. փորձագետը համոզված է, որ այդ ուղղությամբ ազդակները դրական են:




