

Արմավիր քաղաքի ավագանու վերջին նիստով հաստատվել է քաղաքի սոցիալ –տնտեսական զարգացման 2017-2019թթ ծրագիրը, որտեղ ներառված են քաղաքի համար առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ անձրևաջրերի հեռացում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, ասֆալտապատում, մանկապարըեզների հիմնանորոգում և այլն: Ծրագրի իրականացման համար ակնկալվում է կառավարության աջակցությունը: Արմավիրում կառուցվելու է նաև աղբի վերամշակման գործարան, որի պայմանագրային մի քանի կետեր առաջացրել է քաղաքապետի դժգոհությունը:
Արմավիր քաղաքի սոցիալ- տնտեսական երկամյա ծրագիրը բաղկացած է 37 էջից, որտեղ նշված են այն հիմնական խնդիրները, որոնք առաջիկա 2 տարում լուծման անհրաժեշտություն ունեն: Մինչև հաստատումը հանրային լսումների ժամանակ, որին մասնակցում էին միայն քաղաքապետարանի աշխատակիցներն ու հանրային լսումների իրականացմանը շահագրգիռ քաղհասարակության ներկայացուցիչ, Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը ներկայացրեց առաջարկությունների փաթեթ, որտեղ ներառված են կենտրոնի կողմից բացահայտված խնդիրներն ու բնակչության առաջարկությունները՝ ներքաղաքային տրանսպորտ, լուսկիրների բացակայություն, բաց դիտահորեր և այլն:
Ներկայացված առաջարկությունները կընդգրկվեն, թե ոչ, դժվար է ասել, քանի որ ծարգիրը նույնությամբ հաջորդ օրը միաձայն հաստատվեց ավագանու անդամների կողմից: Քվեարկությունից առաջ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը ավագանուն ներկայացրեց 2017-2019թթ սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի կարևոր դրույթներն ըստ առաջնահերթության՝ անձրևատար կոյուղու հիմնանորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզի վերանորոգում, բակային տարածքների բարեկարգում, փողոցների ասֆալտապատում և այլն: Խնդիրներ, որոնց լուծման համար համայնքի բյուջեն չի բավարարում:
,,Ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիարդի հասնող գումար է, որը համայնքի կողմից չի կարող իրականացվել,,,- ասաց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Քաղաքապետն առանձին ուշադրություն հրավիրեց անձրևաջրերի հեռացման կոյուղու կառուցման վրա, որի բացակայությունը կարող է համգեցնել արտակարգ իրավիճակի:
Քաղաքի բանուկ փողոցների երթևեկությունը փոքր-ինչ բեռնաթափելու նպատակով նախատեսվել է հարակից 1կմ ավելի երկարություն ունեցող Հունան Ավետիսյան փողոցի ասֆալտապատում, որը վերջին անգամ հիմնանորոգվել է 1980թվականին:
Ծրագրում ներառված է նաև փողոցների լուսավորության խնդիրը՝ անցնելով ավելի էներգախնայող լուսադիոդային համակարգի:
Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման նպատակով Արմավիրի քաղաքապետարանն ակնկալում է կառավարության ֆինանսական աջակցությունը:
Արդեն մի քանի տարի շրջանառվում է Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարան կառուցելու հարցը, որն իրականացվելու է չեխ գործարարների ներդրումների շնորհիվ: Արմավիրի քաղաքապետարանը հատկացրել է հողամաս, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ուսումնասիրել է պայմանագրի կետերը, որոնց մի մասի հետ համաձայն չէ:
Քաղաքապետը նշեց, որ եթե համաձայնի իրենց առաջարկի հետ, ապա աղբահանության գինն ավելի կբարձրանա, որի համար քաղաքի բնակիչն անզոր կլինի վճարել:




