Հասարակություն

Ճշմարիտ ուղին ռազմիկի ուղին է. Կարեն Մանվելյան 50

Այսօր տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի հերոս Կարեն Մանվելյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառմանը ներկա մասնակցել են նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ, կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը, Կարենի մարտական ընկերները, դասախոսներն ու հարազատները:

Նրանք հիշել եւ արժեւորել են Կարեն Մանվելյանի շատ կարճ՝ 25-ամյա կյանքն ու գործունեությունը: Երիտասարդ կյանք, որը չափելի է ոչ թե զուտ կենսաբանական տարիներով, այլ՝ ապրածի ու արածի կարեւորությամբ: Այդ չափորոշիչով՝ Կարեն Մանվելյանը 25-ից շատ ու շատ ավելին է՝ իր խոսքում շեշտել է ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Գնահատանքի խոսքերը փաստվել են նաեւ ուսանողական նստարանից ազատագրական պայքարի բով նետված Կարեն Մանվելյանի մասին պատմություններով, որոնք ներկայացվել են հուշ-երեկոյի ընթացքում նրա մասին պատմող փոքրիկ տեսանյութերում: Դրանք ներառել են նաեւ Կարենի ռազմաճակատային օրագրային գրառումները, որոնցում բացահայտվել է հերոսի՝ զինվոր, մարդ ու անձնուրած հայրենասեր լինելու մղումները:

1990թ.-ին Կարենն իր եղբոր և մի խումբ համախոհ ընկերների հետ անդամագրվում է Ռամկավար ազատական կուսակցությանը և հիմնում Վանում ծնված առաջին հայկական կուսակցության անունով Արմենական ակումբը:

1992 թ.-ից Կարենը նա միանում  է պաշտպանության նախարարության նորաստեղծ ՄՀՈՒԲ ջոկատին, որի շարքերում էլ մասնակցում է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման սուրբ գործին:

1992 թ-ի նոյեմբերի 5-ին Լաչինի մարդասիրական միջանցքի ընդլայնման համար ընթացող մարտերից մեկում, բախվելով իրենց ուժերը մի քանի անգամ գերազանցող  թշնամուն, Կարեն Մանվելյանն իր մարտական ընկերոջ՝  Տիգրան Մուշեղյանի հետ մնում է թշնամուն դիմագրավելու, ջոկատը շրջապատման վտանգից ազատելու  եւ  ընկերների նահանջն ապահովելու համար: Հենց այս անձնվեր գործողության ժամանակ էլ , անհավասար մարտում Կարենն ու Տիգրանը զոհվում են՝  հերոսաբար կատարելով իրենց վրա դրված պարտականությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Կարեն Մանվելյանը հետմահու պարգևատրվել է  «Արիության համար» շքանշանով, Արցախի կողմից՝  «Մայրական երախտագիտության մեդալ»-ով:

Կարդացեք նաև

Back to top button