
տեղադրվել է ժամը 16։05- ին
լրացվել է ժամը 18։27- ին

Նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը: Հայաստանի նախագահի նստավայրում Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նրա առանձնազրույցը նախագահ Սարգսյանի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Ռոուհանին հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր է, հայկական կողմը լիահույս է, որ նրա առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես եղել է շիտակ և ազնիվ երկու երկրների հարաբերություններում և պատրաստ է այդպես էլ շարունակել: ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ երկու երկրների նախագահներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի՝ Ղարաբաղյան հակամարտությունից մինչև Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ու տրանսպորտային միջանցք ու ԵՏՄ:
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ նախագահական նստավայրում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո: «Իրանի համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է նաև տարածաշրջանի շահերից։ Այդ խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ուզում ենք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով»։
Սերժ Սարգսյան ևս հայտարարեց, որ հանդիպման ընթացքում Հասան Ռոհանիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի կողմից իրականացվող ջանքերը՝ միաժամանակ ասելով, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:
Ղարաբաղյան թեմայից անցում տնտեսությանը. Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրանց մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել՝ նկատում է Իրանի նախագահը ու շեշտում, որ էներգետիկայի բնագավառում պետք է ջանքեր գործադրեն այն ավելի զարգացնելու համար:
Վերջինս տեղեկացրեց, որ փոխանակման ծրագրի շրջանակներում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանի հետ՝ այն է՝ ունենալ գազի փոխանակումներ և կարողանալ մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ: Այստեղ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց , որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը:
Այս համատեքստում էլ քառակողմ բանակցությունների շրջանակներում անդրադարձ է կատարվեց Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը։ «Պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանանք տարանցիկ ուղիներ ապահովել։ Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց- Սև ծով ուղղություն»,- ասաց նախագահ Ռոուհանին։
Այդ ծրագրի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, իրանական ապրանքներին նվազագույն տրանսպորտներով եվրոպական շուկա մուտքի հնարավորություն կտրվի։ Սա էլ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
«Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել. այս խոսքերով էլ ավարտվեց նախագահ Սարգսյանի հանդիպումը Իրանի առաջնորդի հետ։




