

Տեսուչն ու տնտեսվարող սուբյեկտը պետք է համագործակցեն, տեսուչն էլ ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող պետք է դիտարկվի՝ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Եվ ահա տնտեսավարողներին տուգանելուց առաջ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդիպում է տնտեսվարողների հետ, նոր կանոնակարգերն ու պահանջները ներկայացնում:
Մեր երկրում ամենառիսկային համարվող ոլորտներից մեկը համարվում է խաղալիքների շուկան: Հայերեն պարտադիր մակնշում ու սերտիֆիկացում. նվազագույն այս պահանջներն են դրված տնտեսվարողների առջև: Հենց այս հարցերում է, որ շատ հաճախ խախտումներ են արձանագրվում: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկերի գնահատման ու վերլուծության վարչության պետ Արմեն Տերտերյանն իր երեխային մինչ խաղալիք գնելը որոշում է մասնագետի աչքով զննել այն. «Էդ հոտից ելնելով ասացի ես էլ փորձեմ, համ եմ արել, որովհետև այդ խաղալիքը տուն էի տանում: Իմ երեխան 1,5 տարեկան է: Ներկանյութից համը կպնում է բերանիդ ու ժամերով մնում»:
Նույն խնդրի առջև կանգնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները, տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն ու այստեղ այցելող հյուրերը:
«Կան խաղալիքներ, որոնք ձեռք տալուց հետո ինչ ալերգիկ ֆոն ասես կարող է առաջացնել։ Ամբողջ հիմնարկում էդ հոտն էր տարածվել: Բոլորը գլխացավով գնացին տուն»:
Ամեն ինչ հստակ է՝ խաղալիքը չպետք է երկրորդական նյութից արտադրված լինի, սուր անկյուններ ունենա, չպետք է պատրաստված լինի ալերգիա առաջացնող նյութերից: Առաջիկայում սակայն ամեն ինչ կփոխվի, կան հստակ կանոնակարգեր, որոնց խաղալիք ներմուծողները պետք է հետևեն՝ պարտադիր հայերեն մակնշեն ու սերտիֆիկացնեն : Նրանց արդեն այսօր են տեղեկացնում, որպեսզի անակնկալի չգան: Երեխաների կյանքի ու առողջության հետ անմիջական կապ ունեցող այս ոլորտում աշխատող տնտեսվարողները սակայն դժգոհ են: Նրանք էլ իրենց փաստարկներն ունեն, չեն կարող նստել ու հատ առ հատ մակնշել խաղալիքները։ Խաղալիք ներմուծող ընկերություններից մեկի փոխտնօրեն Յուրա Թադևոսյանը հարցնում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում երեխայի մոտ ալերգիայի կամ խաղալիքից թունավորման մասին ահազանգեր ստացվե՞լ է,թ ե՞ ոչ: Ավելին, նաև նշում է՝
«Ես խաղալիք եմ ներմուծել, որը վագրի նման էր, սակայն, հաչում էր»:
«Օրենքի պահանջը որպեսզի համապատասխան, մակնշումը պետք է լինի, հիմա , եթե դուք վագր եք ծախում, որը հաչում է, կարող է լինի, բայց վրայի ինֆորմացիան, թե որ կազմակերպությունն է ներմուծել, որ երկրում է արտադրված, որ տարիքային խմբի համար է, ինչ հոսանքով է աշխատում, ում է պետք բողոքները ներկայացնել, այդ բոլորը պետք է հայերեն մակնշման մեջ երևա»,- հակադարձում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
Տնտեսվարողները սակայն չեն պատրաստվում ընկրկել:
«Ես մոտավորապես ամեն ամիս 300 արկղ խաղալիք եմ ստանում, վաճառում եմ մեծածախ։ Ինչպե՞ս եք պատկերացնում, ոնց մակնշեմ դա»:
Նրանք առաջարկում են նմուշը վերցնել հենց սահմանի վրա, մինչեւ մաքսազերծումը: Խնդիրներ ունենալու դեպքում խմբաքանակն ավելի հեշտ կլինի հետ վերադարձնել: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը սակայն պնդում է՝ որոշումը փոխվել է և նմուշառումն իրականցվում է արդեն մաքսազերծումից հետո, քանի որ տնտեսվարողների մեծ մասի ցանկությունն էր դա:
Մինչ կողմերը համաձայնության կգան կամ չեն գա, սպառողներս շարունակում ենք մի շարք անպատասխան հարցեր ունենալ, մասնավորապես՝ ինչպե՞ս ընտրել ու վստահ լինել, որ երեխայի համար անվտանգ խաղալիք ենք գնում: Հարցերի պատասխաններն օդում կախված են, մնում է միայն վստահել տնտեսվարողների խղճի մաքրությանն ու բանավոր հավաստիացումներին:




