

Խորհրդարանը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն այսօր քննարկել են ապօրինի հարստացման քրեականացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Սա այն հակակոռուպցիոն քայլերից մեկն է, որը մինչև նստաշրջանի ավարտը խոստացել էր խորհրդարան ներկայացնել կառավարությունը: Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ եթե պաշտոնյայի գույքի և օրինական եկամուտների մեջ էական անհամապատասխանություն կա, ապա նրան 3-6 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Արդարադատության նախարարը սա հեղափոխական քայլ է համարել: Պատգամավորներն ընդհանուր առմամբ համաձայն են, բայց կասկածում են, որ օրենքը կաշխատի: Ինչն է համարվելու էական անհամապատասխանություն, ով է ապացուցելու, որ հարստացումն անօրինական է, ինչպես է լուծվելու զոքանչների ունեցվածքի հարցը:
Եթե տարվա ընթացքում պաշտոնատար անձի գույքն էականորեն գերազանցել նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել, ապա նրան սպառնում է ազատազրկում 3- 6 տարի ժամկետով: Կառավարությունն առաջարկում է սա ամրագրել Քրեական օրենսգրքում և քայլը հիմնավորում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ: Արդարադատության նախարարը հորդորում է քայլը դիտարկել որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը: «Սա լրացուցիչ ևս մեկ գործիք է՝ շղթան փակող: Կաշառքը, փողերի լվացումը գործողություն հանցակազմեր են, ապօրինի հարստացումը ՝վիճակ հանցակազմ, երբ պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում ոչ թե կոնկրետ գործողության համար, այլ որևէ չապացուցված գործողության արդյունքում առաջացած վիճակի համար»:
Արդյոք պաշտոնյայի հարստանալը օրինական է, թե՝ ոչ պետք է պարզեն իրավապահներն իրենց բոլոր միջոցները գործի դնելով: Դրանից հետո պաշտոնյան արդեն երկու տարբերակ ունի ՝ կամ հիմնավորել, որ գույքն օրինական ճանապարհով է ավելացել, կամ լռել՝ ապացուցման բեռը թողնելով իրավապահներին: «Մեր խնդիրը եղել է այն, որ պաշտոնյայի լռության դեպքում գործը փակուղի չմտնի»:
Ի դեպ, որպես գույքի և եկամուտների անհամապատասխանության էական շեմ օրենքը նախատեսում է 5 մլն դրամի սահմանագիծը: Այսինքն՝ այդքանից սկսած անհամապատասխանությունը կգրավի իրավապահների ուշադրությունը: Սահմանված շեմը խորհրդարանում հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Էդմոն Մարուքյանն, օրինակ, առաջարկում էր ցածրացնել սահմանաչափը, Վահե Հովհաննիսյանը՝ ընդհակառակը բարձրացնել այն:
Էդուարդ Շարմազանովը իրավիճակ նկարագրեց, որի մասին սովորաբար ընդդիմադիր գործիչներն են խոսում: Խոսքը իքս պաշտոնյայի իքս ունեցվածքի մասին էր: «Ենթադրենք փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց այդ պաշտոնյան 25 տուն ու մեքենա ունի հարևանի, վարորդի, զոքանչի անուններով գրանցված: Այսինքն, դե ֆակտո իրենն է, բայց դե յուրե իրենը չէ: Ի՞նչ ենք անելու այդ դեպքերում»:
Գնալու ենք էվոլյուցիոն ճանապարհով՝ ի պատասխան ասաց արդարադատության նախարարը: Նրա խոսքով ՝ փոխկապակցված անձանց շրջանակը մինչև զոքանչի մակարդակ աշխարհում ոչ մի երկիր չի ընդլայնել: Փորձել է անել Ռումինիան, բայց ավելի բարդ իրավիճակի առջև է կանգնել ՝ ունենալով միլիոնավոր հայտարարագրեր, բայց դրանք ստուգելու ոչ բավարար գործիքներ։
Չնայած սրան՝ նախարարն առաջարկում է շատ մեծ ակնկալիքներ չունենալ: Մեծ ակնկալիքներ խորհրդարանում կարծես թե չունեն էլ: Պատգամավորները քայլը դրական են գնահատում, ամենայն հավանականությամբ կողմ կքվեարկեն, բայց կասկածում են, որ իրավիճակ կփոխվի: Օրենքը լավն, բայց պետք է փոխվեն քաղաքական խաղի կանոնները՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Օրենքի ընդունումից հետո պաշտոնյաների ոտքերն ամպոտ չեն դառնա՝ զգուշացրեց Գագիկ Ջհանգիրյանը: Վերջին կառավարության առաջին օրենքն է, որին ես կողմ եմ՝ հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Կառավարությունը վերջապես անում է մի օրենք, որն ինչ-որ մի բանի սկիզբն է, բայց դա միայն սկիզբն է՝ այն լավ կարո՞ղ է ավարտվել, թե՞ ոչ»։
Օրենքը հետադարձ ուժ չունի և վերաբերելու է ընդունումից հետո ի հայտ եկած դեպքերին: Նախատեսվում է, որ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Ընդդիմադիրները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ոչ հունվարի 1-ից: Գուցե՞ կառավարությունը խուսափում է ընտրություններից առաջ հնարավոր բացահայտումներից: Քաղաքական դրդապատճառներ չկան՝ վստահեցրեց նախարարը ու բացատրեց` սպասարկող գործիքների ու օրինագծերի կարիք կա ու դրանց ընդունումը ժամանակ է պահանջում:




