

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը խորհուրդ է տալիս նորմալ վերաբերվել Արցախի հակամարտության խնդրի շուրջ միջազգային ցանկացած արձագանքի, քանի որ խնդրի կարգավորմամբ մտահոգ երկրներն ու կազմակերպությունները հակամարտության կարգավորման հարցում ունեն իրենց շահերը: Խոսքը դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մասին է, որով հավասարության նշան է դրվում երկու կողմերի միջեւ՝ ապրիլյան պատերազմի ընթացքում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն նախօրոք ծրագրված էր եւ կապ չունի միջազգային հարթակում տեղի ունեցող խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում պարբերաբար հնչող հայտարարությունների հետ։ Այդ հայտարարությունների չպետք է վերաբերել զայրույթով, քանի որ միջազգային միջնորդները մշտապես համահարթեցնողի կեցվածք են ընդունել:
Այսօր անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների Համբուրգում ընդունած հայտարարությանը, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Արցախ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը հերթական, ծրագրված այց է, ու այդ այցի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հայտարարությունը լոկ զուգադիպություն է։
Ըստ Իսագուլյանի, Արցախում կյանքը եռում է, արցախցին ապրում է բնականոն կյանքի ռիթմով, եւ այն թերությունները, որոնք բացահայտվել էին քառօրյա պատերազմի ժամանակ, ի չիք են արվում:
ՀՀ եւ Արցախի նախագահները շրջայց կատարեցին հարավային շրջանից մինչեւ հյուսիսային հատվածում տեղակայված պաշտպանական՝ անգամ ամենավտանգավոր դիրքերը՝ եւս մեկ անգամ տեսնելու՝ թե՞ ինչ վիճակում է գտնվում առաջնագիծը: <<Իսկ ի տարբերություն ԼՂՀ-ի, որտեղ ամրացվում են դիրքերը, թարմացվում զինտեխնիկան, ՀՀ-ում իշխանության դեմ պայքարի փոխարեն, այսօր քաղաքական որոշ ուժեր պայքարում են պետականության դեմ>>,- ասեց ԼՂՀ ներկայացուցչության խորհրդականը:
<<Որոշ գործիչներ իշխանության դեմ պայքարը վերածել են պետականության դեմ պայքարի: ԱԺ-ից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր զինվորներին, նվաստացնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հերոսությունները>>,- ասում է Իսագուլյանը։
Քաղաքական վերադասավորումներին եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքների ստեղծումը Գառնիկ Իսագուլյանը դրական է գնահատում՝ նշելով, որ քաղաքական դաշտը մոնոպոլացված չէ, ցանկացած առողջ ընտրապայքար ողջունելի է: Վերադառնալով ՀՀ նախագահի Արցախ այցելությանը եւ հնչող գնահատականներն՝ այսօր մշակույթի գործիչները, արվեստագետները նույնպես ներկայացրեցին իրենց կարծիքները:
Հիշեցնենք, որ Արցախ այցի շրջանակում ՀՀ եւ Արցախի նախագահները հանդիպել էին նաեւ մշակույթի գործիչների հետ: Շուրջ չորսժամյա անկաշկանդ մթնոլորտ, բազմաշերտ հարցեր, դրական տպավորություն՝ առանց փողկապի ձեւաչափով հանդիպումից: Այսպես բնորոշեցին նախագահների հետ հանդիպումը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Վարդան Մկրտչյանը շատ կարեւորում է նմանօրինակ հանդիպումները, մասնավորապես՝ զինվորների հետ:
Գրողների միության նախագահը հանդիպման ժամանակ բարձրացրել է հրատարակչությունների եւ նորօրյա գրողներին արժանվույն գնահատելու հարցը։ Բարձրացված խնդիրներին լուծումներ տրվել են, թե՝ ոչ, Միլիտոնյանը չշտապեց պատասխանել՝ նշելով՝ հարկավոր է սպասել։
Իսկ թե Արցախում շրջելով ինչ խնդիրներ են տեսել արվեստագետները, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ Արցախը մշակույթի պակաս չունի, բայց արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: <<Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան>>:




