
Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Գիորգոս Ցիպրասը Մոսկվայում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Աթենքի միջև հետագա համագործակցության հեռանկարները՝ հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ն:
Ըստ Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի Աթենք առաջիկա այցին վերաբերող հարցեր՝ հայտնում է «Sputnik» գործակալությունը։
Հույն- ռուսական առեւտրա- արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Սալոնիկում տեղի ունենալիք համաժողովում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները կներկայացնեն ԵՏՄ-ի խնդիրները և նպատակները, ինչպես նաև ԵՏՄ-ի և Հունաստանի համագործակցության հեռանկարները:
«Sputnik» — ը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Ռուսաստանի նախաձեռնած տարածաշրջանային քաղաքական և տնտեսական դաշինքն է, որի նպատակն է իր անդամների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև հստակեցնել ապրանքների և ծառայությունների հոսքը:




