Հասարակություն

Շուշիի մզկիթը կվերականգնի իրանական ընկերությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

ԼՂՀ իշխանությունները տեր են Արցախի տարածքում գտնվող բոլոր հուշարձաններին՝ անկախ դրանց  կրոնական պատկանելությունից: Այս դիրքորոշման արտահայտությունը 1883 թվականին կառուցված Շուշիի Վերին մզկիթի վերականգնումը կհանդիսանա: Երեկ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը եւ պարսկական <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերությունը  վերականգնման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հանձնման-ընդունման արձանագրություն ստորագրեցին: Վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար միջոցների հայթայթումը ստանձնել է <<Արեւելյան պատմական ժառանգության>> վերածնունդ հիմնադրամը:

 

Շուշիի Վերին Մզկիթի  վերականգնման աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը՝ <<Արեւելյան ժառանգության պահպանման>> հիմնադրամի միջնորդությամբ՝  պարսկական նախագծող ընկերության հետ ձեռք է բերվել մեկ տարի առաջ: Անցած ժամանակամիջոցում  ընկերությունը  ուսումնասիրել է ոչ միայն  մահմեդական հուշարձանի, այլեւ Շուշիի պատմությունը՝ ասում է <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերության տնօրեն   Սայադ Նավահանդին՝ լրացնելով, որ իրենք քաղաքականությունից հեռու մարդիկ են եւ հարցին մոտեցել են զուտ մասնագիտական տեսանկյունից:

Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը  տեր է  երկրի տարածքում գտնվող բոլոր հուրձաններին եւ պարսկական ընկերության հետ համագործակցությունից գոհ են:

Երեկ համագործակցության առաջին փուլի ավարտը նշանավորվեց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի  հանձնման- ընդունման մասին արձանագրության ստորագրումով: Ըստ նախագծողների՝ փորձել են պահպանել մզկիթի պատմական ու ճարտարապետական տեսքը` նաեւ որոշակի գործառնական նշանակություն վերապահելով: Ընտրությունը սակայն իշխանություններին է՝ ասում է Սայադ Նավահանդին:

Սերգեյ Շահվերդյանի խոսքով` հարցը դեռեւս որոշված չէ:  Քննարկվում են երկու տարբերակներ՝այն կմնա որպես չգործող մզկիթ, կամ կվերածվի թանգարանի:

Շուշիի պարսկական մզկիթը վերականգնվելու է ոչ պետական միջոցների հաշվին: Ֆինանսական միջոցների հայթայթման գործը ստանձնել է <<Արեւելյան ժառանգության վերածնունդ>> հիմնադրամը:

Կարդացեք նաև

Back to top button