

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, «Հովեր» պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ կներկայացնի «Թե չես գա-լի` մը-նաս բա-րի» խորագիրը կրող նոր խմբերգային նախագիծը: Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներից զատ` ծրագրում կհնչեն նաև Վահագն Հայրապետյանի «Հին վալս», «Խաղաղություն» ստեղծագործությունները: Ազգագրական երգերն ընտրվել են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից: Մշակումները կատարել է Վահագն Հայրապետյանը:
Ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ: Աննախադեպ չէ, բայց հետաքրքիր է: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը հավելում է, որ նախագիծն արժանացել է նախարարության բացարձակ հավանությանը երկու հիմնական պատճառով։ «Ավանդական երաժշտությունը ներկայացվում է ժամանակակից լեզվով, ինչը ենթադրում է լայն լսարանի ներգրավում: Սոնա Հովհաննիսյան և Վահագն Հայրապետյան. տաղանդավոր և ճանաչված երկու անուններ, որոնք միավորվել ու ստեղծել են գեղեցիկ մի նախագիծ»։
Ապարանյան 12 ազգագրական երգերի մշակումները կատարել է դաշնակահար, Ջազ տրիոյի ղեկավար Վահագն Հայրապետյանը: «Չնայած ես կապ ունեմ ջազի հետ, բայց ջազն այստեղ կապ չունի: Եվ չեմ ուզում, որ արվածը կապվի ջազի հետ»,-ասում է Հայրապետյանը:
«Մեր երգերն այնքան ռիթմիկ ու ներդաշնակ են: Ես փորձել եմ դրանց ընդհանրապես ձեռք չտալ: Իրենց համով, հոտով ու գույնով այդ երգերը նույնությամբ պահպանվել են: Պարզապես ժամանակակից, հետաքրքիր մի երանգ է հաղորդվել ստեղծագործություններին»,- ասում է:
Երգերը հայտնի չեն, միտումնավոր ընտրվել են ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք ևս սիրվեն ու ճանաչվեն՝ ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
Իսկ ինչու՞ Ապարանյան. հարցին արձագանքում է. «Ապարանը մեր ամենաերգեցիկ շրջաններից է: Կոմիտասը Ապարանում է ձայնագրել «Մոկաց Միրզան, այստեղ են ամփոփվել «Սասնա ծռերի» հինգ տարբերակները: Ապարանցիների երգերն ուղեկցվել են նաև պարերով, երգը չեն հիշել, մինչև չեն պարել»:
Առաջիկայում ծրագիրը կներկայացվի նաև մարզերում, սահմանամերձ շրջաններում և արտերկրում: Ըստ Վահագն Հայրապետյանի՝ հայ ավանդական երգն օտարի կողմից հաճախ ընդունվում է այնպես, ինչպես հարազատ երգը։
«Թե չես գա-լի` մը-նաս բա-րի» խորագիրը կրող նոր խմբերգային նախագիծը կներկայացվի դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներից զատ ծրագրում կհնչեն նաև Վահագն Հայրապետյանի հեղինակած «Հին վալս», «Խաղաղություն» ստեղծագործությունները։




