
«Արցախ- Հայաստան» բարեկամական խմբի անդամ Բրունո լե Ռուին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու փաստին Բաքուն միանգամից արձագանքել է ՝ հիշեցնելով, որ նա Ադրբեջանի «սև ցուցակում» է։ Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարարը կամ պետք է հրաժարվի Ադրբեջան այցելություններից, կամ էլ ներողություն խնդրի Բաքվից՝ ավելի վաղ՝ առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, թե պահանջում է, որպեսզի Բրունո լե Ռուն գրավոր ներողություն խնդրի՝ չխնդրելու դեպքում սպառնալով ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյային թողնել «սև ցուցակում»: «Օրենքը մնում է օրենք և նրա առաջ բոլորն են հավասար»,- ասել է Հաջիևը՝ թերևս ակնարկելով, որ անգամ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի համար բացառություն անել չեն կարող:
Բրունո Լե Ռուն մինչ նոր նշանակումը եղել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ, ղեկավարել է ֆրանսիական օրենսդիր մարմնում սոցիալիստների խմբակցությունը և Ֆրանսիայի նախագահի կողմից ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել նորանշանակ վարչապետ եւ ներքին գործերի արդեն նախկին նախարար Բեռնար Կազնեֆի առաջարկով։
Բրունո լե Ռուն հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, նա բազմիցս այցելել է ինչպես Հայաստան, այնպես էլ Լեռնային Ղարաբաղ: Լինելով Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ՝ նա մեծ ջանքեր է գործադրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար, եղել է Արցախ- Ֆրանսիա բարեկամության խմբի անդամ:




