Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վարչապետ Մատեո Ռենցիին խնդրել է սեփական հրաժարականը հետաձգել մինչև 2017 թվականի պետբյուջեի հաստատումը։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը։ Ակնկալվում է, որ բյուջեի մասին օրինագիծը Սենատի կողմից կարող է ընդունվել դեկտեմբերի 9-ին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Մատեո Ռենցին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա կառավարության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի պարտության ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։
Իտալիայի իշխանությունները նախաձեռնել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի դերի նվազումը, ինչպես նաև շրջանների իշխանությունների լիազորությունների կրճատումը։ Սակայն հանրաքվեի ժամանակ բարեփոխումների դեմ է արտահայտվել ընտրողների 59.11 տոկոսը։




