

Արցախյան հաղթանակը կերտողներից Աշոտ Չախոյանի պատվին այսօր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որտեղ ուսանել է հերոսը, բացվեց նրա կիսանդրին: Նախաձեռնության հեղինակը Հարություն Հարությունյանն է, ով շուրջ 20 տարի եղել է Աշոտի ընկերը՝ մանկապարտեզից մինչեւ դպրոց ու… մինչեւ օրս: Հուշարձանի հանդիսավոր բացմանը մասնակցեցին զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ, հերոսի հարազատները։ Նրանք հպարտությամբ էին պատմում եւ խոսում Աշոտի մասին, հիշում նրա պատգամները։
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր կա երկու պատվո անկյուն: Առաջինը՝ 1994 թվականի հունվարի 31-ին զոհված Աշոտ Չախոյանինն է, երկրորդը՝ ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանինը: Երկու հերոսներ, որոնք պաշտպանեցին մեր սահմաններն ու մեր ազատությունը արյան ու կյանքի գնով: <<Ո՞վ էր Աշոտ Չախոյանը>> հարցին, դպրոցականները ուրախ, բայց եւ արցունքոտ աչքերով պատասխանում են, մեզ խաղաղ քուն պարգեւողը։ Հետո՝ ոգեւորությամբ շարունակում՝ դպրոցի առաջին հարկում տեղադրված կիսանդրին էլ կլինի մի փոքրիկ սրբատեղի՝ գլուխ խոնարհելու եւ հայրենիքի համար խիզախած Աշոտի նման մտածելու համար:
Աշոտ Չախոյանի մայրը՝ մեր գործընկեր, հանրահայտ «Ապրելու բանաձեւ» ռադիոհաղորդման եւ համանուն հերոսապատում-մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն ինքն է պատմում որդու՝ 21-ամյա երիտասարդի մասին, ով լսելով Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հայտարարությունը, թե որոշել են խնջույք կազմակերպել Սևանի ափին, Մոսկվայից վերադարձավ Երևան և հայտնվեց հատուկ նշանակության գնդում: Մինչ այդ՝ ուսմանը զուգընթաց Աշոտը հետևում էր Արցախյան շարժմանը, ու մի օր էլ մայրը նրան գտավ Բաղրամյան պողոտայում կանգնած տանկային շարասյան արանքում` զինտեխնիկան ու զինվորներին զննելիս, գրքերն ու տետրերն էլ՝ պահած տաբատի գոտու տակ:
<<Ճակատագրի բերումով գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի առաջին ջոկի հրամանատար Աշոտ Չախոյանը դարձավ զորամասի առաջին զոհը: Մարտական ընկերների հետ պաշտպանում էր Կոռնիձորն ու Խնձորեսկը, Իշխանասարը, Սնկասարը, կռվում Մարտակերտի ու Օմարի ազատագրության համար>>,- ասում է տիկին Գոհարը։
Պետք էր ազատագրել Օմարի լեռնանցքը, որի 19 01 բարձունքը (Քարվաճառի տարածքում) հունվարի 31-ին հետախուզելու էին եկել հատուկ նշանակության գնդի մի քանի հետախույզ ավագ լեյտենանտ Ալբերտ Երգինյանի հրամանատարությամբ: Հետագա առաջխաղացումը նախապատրաստելու համար մարտական ընկերները սպասում էին հետախուզության արդյունքներին, սակայն գագաթին չհասած հանդիպեցին թուրքերին: Հրամանատարը ծանր վիրավորվեց։ Հասկանալով պահի լրջությունը` Աշոտը մոլորեցնող կրակահերթով դիրքերը պահեց այնքան ժամանակ՝ մինչև տղաները հասնեն ու տեղյակ պահեն վտանգի մասին: Աշոտը մեկուկես ժամ կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը` հնարավորություն տալով զորամասի հրամանատարին հակահարձակում սկսելու համար վերադասավորել ուժերը։
<<Թշնամուն ջարդելու հաստատակամությամբ ապրելու և հայոց հողն օտարի ոտնահետքերից մաքուր ապրելու բանաձև էր դա>>,- ասում է հերոսի մայրը եւ նշում ՝ բարձունքը ազատագրվեց, իհարկե, կյանքի գնով, բայց ազատագրվեց:
Հերոսները չեն մահանում, նրանք անմահ են: Նրանք, ովքեր գրավում են բարձունքներ՝ իրենք են դառնում բարձունք:




