Հասարակություն

Մոսկվա — Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ
Մոսկվա — Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19
քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության
առաջին փոխանցումներն արդեն կատարվել են: Հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան
հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ
ինչպես  բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:

ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ
ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է
1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության
հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր
վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի
Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր
վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին`
100 հազ. դրամ:

Հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորները
օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28
հասցեով:

Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական
վարչություն):

Կարդացեք նաև

Back to top button