Մշակույթ

Հալեպահայ կինոբեմադրիչի ֆիլմը` Թուրինի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

Հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմը իտալական Թուրինի միջազգային 34-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի:  Այս  մասին գրում է «Գանձասար»-ը:

Փառատոնի ժյուրիի կողմից վավերագրական ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ ռեժիսորն պատերազմական պայմաններում կարողացել է իր տան պատշգամբից նկարել և աշխարհին ներկայացնել պատերազմական ողբերգությունը ու շեշտել, որ Սիրիայի հայ և արաբ բնակչությունը հավասարապես զոհվում են բարբարոսների գործողություններից:

Ավո Գաբրիելյանն այս ֆիմը նվիրել է Հալեպին՝ նշելով. «Հալեպին իր մոր՝ Սիրիայի գրկում ավիրում են»: Նա  նաև ասել է, որ այս մրցանակը մեկ քայլ է պարզապես հասնելու այն արդարության, որին ձգտում է հայ ժողովուրդն  արդեն 100 տարի:

«Հայերը հաճախ շեշտում են, որ երկրորդ Ցեղասպանություն չպետք է ապրեն, սակայն, ցավոք, այսօր Ցեղասպանության է ենթարկվում ոչ միայն Սիրիայի, նաև Իրաքի և Պաղեստինի ժողովուրդը»,- ասել է Ա. Գաբրիելյանը:

Նշեք, որ  Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմն արդեն ցուցադրվել է Բեռլինի միջազգային, Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոներում: Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է  շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավում էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:

Back to top button