Միջազգային

Դեպի ՇՀԿ եւ դեպի Արեւելքը՝ Թուրքիայի բնական ընտրությունն է

marlenahovsepyan

Եվրախորհրդարանն այսօր 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցման մասին որոշում։ Եվրամիության հետ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններն ընթանում են արդեն 11 տարի՝ 2005 թվականից, իսկ անդամակցության հայտը Անկարան ներկայացրել էր շատ ավելի վաղ՝ 1987 թվականին:

Այսօրվա քվեարկությանը թեև պարտադիր իրավական ուժ չունի, սակայն էական ազդեցություն կարող է գործել ԵՄ հետագա որոշումների վրա։  Քվեարկությանը նախորդել են բավականին բուռն քննարկումներ:

Օրերս Եվրախորհրդարանում կայացած քննարկման ժամանակ  Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։

ԵՄ հետ Թուրքիայի հարաբերությունները հատկապես սրվեցին հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո։ Արդեն մի քանի ամիս է, որ Արևմտյան երկրները, Եվրոպական միությունը տարբեր մակարդակներում քննադատում են Թուրքիայում ծայր առած զանգվածային բռնաճնշումները, ձերբակալությունները, Էրդողանին ընդդիմացող լրատվամիջոցների եւ լրագրողների  դեմ ուղղված գործողությունները:

Այնուամենայնիվ, հակառակ քննադատություններին, Եվրամիությունում միանշանակ չէ Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցման մոտեցումը։ Օրերս կայացած քննարկման ժամանակ, որի ընթացքում, ինչպես արդեն նշեցինք, Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել էր, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ բացասական հետևանքներ կունենա:

Թուրքիան մինչ այս քվեարկությունն արդեն իր դիրքորոշումն արտահայտել էր։ Մասնավորապես ՝ Էրդողանը հայտարարել էր, որ Եվրամիության քվեարկության արդյունքները իրեն հետաքրքրի չեն, և Անկարան կքննարկի Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու հնարավորությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նշել  էր, որ Անկարան հաջորդ տարի կարող է  անգամ քվեարկության դնել Եվրամիությանը անդամակցության հարցը՝ կազմակերպելով սեփական բրեկսիտ։

Այս երկու հայտարարությունները միանգամայն տրամաբանական են Էրդողանի՝  երկրում բացարձակ իշխանությունը հաստատելու ցանկության պարագայում։ Եթե բացարձակ «միապետությունը» Շանհայի կազմակերպությունում Թուրքիայի համար խնդիրներ չի ստեղծի, ապա եվրոպական ժողովրդավարության առումով սա անցանկալի զարգացումներ կարող է առաջացնել Թուրքիայի նախագահի համար։

Այնպես որ՝ դեպի Շանհայի կազմակերպություն կամ ավելի ճիշտ դեպի Ռուսաստան եւ Արեւելք ուղին դառնում է այսօրվա Թուրքիայի բնական ընտրությունը։

Կարդացեք նաև

Back to top button