Վերլուծական

Փոփոխություններ անելու նախադրյալներ կան. քաղաքագետները՝ վարչապետի ՀՀԿ անդամակցության մասին

karenghazaryan

 
Անդրադառնալով վարչապետի՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու հիմնավորումներին՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը շեշտեց, թե տվյալ պահին պատճառաբանությունների բանավոր տարբերակը կարեւոր չէ, այլ՝ քայլը:

Այն շեշտադրումները, որ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, քանի որ խնդիր է դրվել տնտեսական, քաղաքական կյանքում շատ բան փոխելու, եւ ՀՀԿ-ն էլ որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը, ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի, դժվար էլ տեսանելի դառնա: Նրա գնահատմամբ՝ «չենք տեսնի երբեք» տարբերակը կլիներ նաեւ արդյունքների մասով, եթե վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում էլ չգրեր: «Այսինքն, մենք կարող ենք համեմատել արդյունքները մեր ենթադրությունների հետ, իսկ դա կոռեկտ համեմատություն չէ»։

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության՝ իր ներսում ներուժի փոփոխությանը. կառավարման փորձագետն այսպիսի ձեւակերպում-դիտարկում  կատարեց. «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում «փոխվել», բայց որ մոբիլիզացիա է գնում, դա ակնհայտ է»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ տնտեսական այն իրավիճակում, որն այսօր առկա է Հայաստանում, անձից ոչինչ կախված չէ, եւ որեւէ անձ չի կարող տնտեսական իրավիճակում փոփոխություններ մտցնել, եթե նա չի պատրաստվում համակարգային ամբողջական փոփոխություններ իրականացնել:

«Այսօրվա կառավարությունն այդ հնարավորությունները չունի, եւ նաեւ, կարծես թե, ցանկություններ էլ չունի, որովհետեւ, օրինակ, մենաշնորհների հետ կապված յուրահատուկ մոտեցում ունի կառավարությունը եւ գտնում են, որ… ավելի ճիշտ՝ այն թյուր պատկերացումն ունի, որ փոքր Հայաստանին մենաշնորհներն անհրաժեշտ են, ինչը իրականությանը, իհարկե, զուտ տնտեսագիտական առումով նաեւ, չի համապատասխանում»,- նշում է ընդդիմադիր գործիչը։

Հետեւաբար, կուսակցությանն անդամագրվելով կամ չանդամագրվելով հարցերը չեն լուծվում՝ հավելեց ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանը: Նրա ձեւակերպմամբ՝ խնդիրները լուծվում են ընդհանուր մոտեցումներով կամ խնդիրների առաջնահերթություններից ելնելով: «Ես այդպիսի ոչ ծրագիր եմ տեսել, ոչ փաստ, ոչ էլ այդպիսի մոտեցումներ: Իներցիայով ուղղակի շարժվում են առաջ»,- իր կարծիքը եզրափակեց նա։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի դիտարկմամբ, մինչդեռ, պրակտիկ քաղաքականության մեջ անձը կարեւոր է, իսկ պրակտիկ քաղաքականությունում կա երկու տարբերակ փոփոխությունների համար՝ պայքար դրսից եւ ներսից:  «Չնայած մարդիկ դրան հակված չեն՝ միշտ ասում են, թե՝ համակարգը: Համակարգն ինքը համակարգ է սուբյեկտներով: Հիմա, տվյալ քաղաքական սուբյեկտը որպես վարչապետ, կարո՞ղ է դերակատար դառնալ, թե՞ չէ: Ես ցանկանում եմ, որ դառնա: Մնացածը փոփոխելի է Հայաստանում»:

Եթե փոփոխություններն իսկապես նպատակ են, ապա ներսից վարչապետը կարող է լինել դերակատար եւ փոխել՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա՝ մի բան հստակ է. «Այսպես տեսականորեն շարունակել ընդհանրապես հնարավոր չէ»: Մի բան, ինչն, ըստ էության, տնտեսության մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով՝ նրա ձեւակերպումը, որ տնտեսությունը «շատ ծանր» վիճակում է, այլ խոսքով կարելի է ասել «գահավիժում»: Քաղաքագետը չի կարծում, թե Կարեն Կարապետյանը եկել է՝ ականատես լինելու այդ աղետին: Հետեւաբար՝ ներսից փորձելու է փոփոխել վիճակը, Սահմանադրությամբ էլ ունի լիազորություններ: Դրա հավանականության մասին էլ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ 50/50 է՝ ելնելով վարչապետի անցած երկու ամիսների կատարած քայլերից:

«Այդ բոլորը կադրային բանկի հետ է կապված: Մինչեւ հիմա կադրային փոփոխություններ է արել: Դրանց որակի մասին չեմ կարող ասել, բայց քանակի մասին կարող եմ ասել, որ դեմքեր, որոնք Հայաստանում, չասեմ՝ արգահատանք, այլ՝ ձանձրույթ էին առաջացնում, այդուհանդերձ, քիչ են մնացել կամ չկան»:

Այսինքն, ըստ քաղաքագետի, փոփոխություններ անելու նախադրյալները կան՝ բոլոր դեպքերում կադրերը չունեն բացասական վարկանիշ, իսկ վարչապետն էլ ունի նաեւ իր քաղաքական շահը եւ դա իր քաղաքական ապագան է՝ եզրափակեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Կարդացեք նաև

Back to top button