

Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հանրապետական կուսակցությունը կստանար ընտրողների ձայների 19 տոկոսը, ԲՀԿ-ն 18-ը: Քաղաքական մյուս ուժերի ձայները 5 տոկոսի սահմանագիծը չէին հատի, իսկ քվեների ամենամեծ մասը բաժին կհասներ «Ոչ մեկին»։ «Գելափի» հարցման մասնակիցների 18 տոկոսը որևէ կուսակցության նախապատվություն չի տվել, իսկ 13 տոկոսը դժվարացել է կամ չի ցանկացել պատասխանել:
Գելափի հարցման մասնակիցները կարծում են, որ ամենաընդդիմադիր քաղաքական ուժն այսօր «Նոր Հայաստանն» է, հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ Հայ ազգային կոնգրեսը: Գործիչներին նույնպես հարցման մասնակիցները դասավորում են գրեթե նույն հերթականությամբ. հանրային ընկալումներով ամենաընդդիմադիր գործիչների եռյակն այսպիսի տեսք ունի ՝ Ժիրայր Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան:
«Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր ներկայացնում էր հերթական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի ու գործիչների վարկանիշերին: Ըստ դրանց՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցման մասնակիցների 19.5 տոկոսն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 18.4- ը՝ ԲՀԿ-ին: Մյուս կուսակցությունների ձայները, ըստ Գելափի հարցման, չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը: Պատկերն այսպիսին է՝ Դաշնակցություն 3.4%, «Ժառանգություն» 3.0% , «Քաղաքացիական պայմանագիր» 2.4%, մյուսների վարկանիշը 1 տոկոսի սահմանագծում է:
Փոխարենը՝ հարցին պատասխանել դժվարացողների կամ չցանկացողների եւ որևէ կուսակցության նախապատվություն չտվողների բաժինը ընդհանուրի մեջ ամենամեծն է՝ 42 տոկոս: Այս ցուցանիշը, ի դեպ, էականորեն բարելավվել է մայիսի համեմատությամբ։ Այն ժամանակ նույն հարցին «որևէ կուսկացության չեմ ընտրի» պատասխանել է հարցվածների 41 տոկոսը, իսկ հարցին ընդհանրապես պատասխանել չի ցանկացել հարցվածների 28 տոկոսը:
Երկրի տնտեսական վիճակը վատ է գնահատում հարցվածների 36, իսկ շատ վատ՝33 տոկոսը: Ի տարբերություն երկրի՝ հարվածներն իրենց ու իրենց ընտանիքների նյութական, սոցիալական վիճակն այդքան ծայրահեղ չեն գնահատում: Վիճակը միջին է գնահատում հարցվածների մեծ մասը ՝ 63.8%, վատ՝12.2%, լավ 15.7%-ը, շատ լավ 1.8%-ը: 40 տոկոսն ասում է, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը նախորդ տարվա համեմատությամբ նույնն է մնացել, լավացել է 27 տոկոսի, վատացել 10 տոկոսի վիճակը:
«Գելափը» չի շրջանցել նաև նոր վարչապետի ու կառավարության թեման։ Վարչապետիւ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հարցվածների 57.2%-ը լիովին դրական, իսկ 29.%-ը համարյա դրական է գնահատում: Ընդհանուրի մեջ դրական է փաստորեն հարցվածների 86%-ի վերաբերմունքը: Այս 2 ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը նույնպես հացվածների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, դրական է գնահատում:
Եվ վերջապես՝ հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24 տոկոսը թերահավատ է, 15 տոկոսը դժվարանում է պատասխանել:




