Միջազգային

Մահացել է աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը

Հայտնի վիրաբույժ Դենթոն Կուլին, ով աշխարհում առաջինն է իրականացրել արհեստական սրտի վիրահատություն, մահացել է ԱՄՆ-ում, 96 տարեկանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Տեխաս նահանգի մանկական հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ Կուլին մահացել է ուրբաթ երեկոյան Հյուսթոնի իր տանը՝ 4 դուստրերի շրջապատում։

Կուլին հայտնի է նրանով, որ 1968 թվականին աշխարհում առաջին անգամ իրականացրել է սրտի հաջող փոխպատվաստում, իսկ մեկ տարի անց կատարել հիվանդին արհեստական սրտի փոխպատվաստման վիրահատություն։ Նրան հաջողվել է փրկել 47-ամյա հիվանդի կյանքը, ով սպասում էր դոնորային հերթում։ Արհեստական սիրտն օգնել է հիվանդին դիմանալ 65 ժամ, որից հետո նրան իսկական վիրահատության են ենթարկել։

Իր կարիերայի ընթացքում վիրաբույժը կատարել է մոտ 100 հազար վիրահատություն, արժանացել մի շարք պարգևների ու մրցանակների, որոնց թվում է Ազատության նախագահական մեդալը՝ ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց համար բարձրագույն պարգևներից մեկը։
Back to top button