

Աննախադեպ տուգանք՝ գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 110 մլն դրամով տուգանեց «Երևանի գարեջուր» ընկերությանը: Նշենք, որ այս ընկերությունը համարվում է շուկայում ամենախոշորը։ Այս տարվա ամառվանից ընկերությունը գարեջրի գինը բարձրացրել էր՝ իրացման ծավալների նվազման ու ծախսերի ավելացման պատճառով: Հակամենաշնորհային մարմինը սակայն որևէ հիմնավորում չի գտել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընկերության սեփականատեր , պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշել է, որ ընկերությունը տուգանքի մասին որևէ փաստաթուղթ չի ստացել և տուգանքի մասին իրենց չի իրազեկվել ո´չ գրավոր, ո´չ էլ բանավոր։ Պատրաստվում են դատարան դիմել: «Փաստացի տուգանքը ոչ թե տնտեսվարողն է վճարում, այլ՝ քաղաքացին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Եթե «Երևանի գարեջուր» ընկերությունը կատարի ՏՄՊՊՀ-ի երեկվա որոշումը, ապա պետական բյուջեի գումարները կավելանան ևս 110 մլն դրամով: Հակամենաշնորհային մարմինը պարզել է, որ այս ընկերությունը չարաշահել է իր գերիշխող դիրքը: Հիշեցնենք՝ օրենսդրության համաձայն, տնտեսվարող սուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռք բերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:
Ըստ հանձնաժողովի՝ գործարանը հունիսից գարեջրի գինը բարձրացրել էր, քանի որ իրացման ծավալները նվազել են, ծախսերը՝ ավելացել: ՏՄՊՊՀ-ն սակայն հիմնավորում չի գտել: Ընկերությունը նաև նշել է, որ տարեսկզբին 70 մլն դրամի վնաս է կրել, ուստի թանկացրել են գարեջուրը։ «Երևանի Գարեջուր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում»,- ստեղծված իրավիճակը գնահատում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանը նշեց, որ ընկերությունը տուգանքի մասին որևէ փաստաթուղթ չի ստացել, տուգանքի մասին իրենց ո´չ գրավոր, ո´չ էլ բանավոր չեն իրազեկել։ Պատրաստվում են դատարան դիմել:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տուգանքի այս չափն աննախադեպ չի: Նախկինում էլ մի քանի անգամ նման դեպքեր եղել են, սակայն տնտեսագետը նշում է, որ տուգանելու ինստիտուտը չի կարող դրական անդրադառնալ տնտեսության զարգացման ու բիզնես միջավայրի վրա ընդհանրապես, կարևորում է այնպիսի միջավայրի ձևավորումը, որ գերիշխող դիրքի չարաշահում չլինի: Զրուցակիցս ընդգծում է՝ այս պարագայում հիմնական տուժողը շարունակում է մնալ շարքային սպառողը։ «Տնտեսվարողների կողմից լինում է գների բարձրացում, հանձնաժողովը ասում է անհիմն բարձրացում է, գերշահույթ է ստացել, հանձնաժողովը տուգանում է: Փաստացի տուժում է սպառողը, քանի որ տնտեսվարողն ստացել է գերշահույթ ավելի գնով վաճառածի շնորհիվ, որը վճարում է բյուջե»,- բացատրում է տնտեսագետը։
Առաքելյանն առաջարկում է գնային վերին շեմ սահմանել առաջին անհրաժեշտության, ինչպես նաև լայն սպառման ապրանքների վրա: Հակառակ դեպքում, Մեսրոպ Առաքելյանի խոսքով, գները բարձրանում են, հետո նոր միայն կամ տուգանում են, կամ ոչ: Զրուցակիցս չի բացառում, որ նման դեպքերի առաջիկայում նույնպես կարող ենք ականատես լինել, նշում է՝ նախընտրական փուլում ենք գտնվում, բնական է, որ նման իրավիճակներ ստեղծվեն: «Հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը մենաշնորհների նկատմամբ, տուգանել ընկերությանը, իհարկե հասարակության կողմից դրական արձագանք կստանա: Հետևաբար՝ քաղաքական ու նախընտրական բաղադրիչ ունի: Չեմ բացառում, որ առաջիկայում էլ համաձայնեցնելով տնտեսվարողների հետ, լինեն նման դեպքեր: Միանշանակ է, որ մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարողները ունեն նաև որոշակի քաղաքական կապեր»:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տեղի ունեցածը նախընտրական փուլի հետ չի կապում, սակայն չի բացառում, որ հանձնաժողովի քայլը իսկապես բյուջեի եկամուտները համալրելու նպատակ ունի: Տուգանքների խնդիրը հաճախ վիճելի է, քանի որ, Մակարյանի դիտարկմամբ, պարզ չէ, թե որքանով են տվյալները իրականությանը համապատասխանում, որքանով է գերիշխող դիրք ունենալը ապացուցելի:
Նա կարծում է, որ գերիշխող դիրքի ցուցանիշերը պետք է նախապես ուսումնասիրվեն ու մինչ նման շեմին հասնելը ընկերությանը պետք է տեղյակ պահել: «Այս քաղաքականությունը կանխարգելիչ բաղադրիչ իր մեջ չի պարունակում»,- եզրափակում է զրուցակիցս:




