
Կառավարության նոյեմբերի 3- ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, կանցնեն պետական կառույցներին»: Մինչ այդ, հարցը քննարկվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:
Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է , որ աշխատանքային խումբն ավարտել է բանակցությունները, նշել, որ «Փարքինգ Սիթի Սերվիս»- ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը այսուհետ պատկանելու է Երևանին: Քաղաքապետարանը համաձայնել է որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարքինգ Սիթի Սերվիս»ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը: «Իրավական խնդիրներ չկան,- վստահեցրել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ գործընթացը բանակցությունների արդյունք է, որևէ դժգոհություն չի եղել»: «Տեղական տուրքերի փոփոխություն չի նախատեսվում, տուգանքները կանխարգելիչ գործողություն են և ոչ եկամուտի աղբյուր»,- ասել է Վահե Նիկոյանը։
Երևանի քաղաքապետարանը բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման կհանձնի Լոկատոր» ընկերությանը: Փոխադարձ համաձայնությամբ՝ Երևանի քաղաքապետարանը «Փարքինգ Սիթի Սերվիս»ի հետ վաղաժամ կլուծարի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը: Ապա Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության համաձայնությամբ, ուղղակի եղանակով երկու պայմանագիր կկնքի մինչև տասը տարի ժամանակով: Առաջինը, Երևանի ենթակայության տակ գտնվող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի ծառայությունների ձեռքբերման համար: Երկրորդ պայմանագիրը կկնքվի «Լոկատոր» ընկերության հետ՝ բաժնետոմսերի կառավարման ծառայությունների ձեռքբերման համար:
Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերից Երևանի բյուջե գնացող եկամուտներն առնվազն 100 մլն դրամով կավելանա մինչև պարտավորությունների ավարտը, իսկ մարման գործընթացից հետո կավելանա տարեկան շուրջ 400 մլն դրամով:




