

Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ լավացնելու այն վիճակը, որն այսօր կա տարբեր ոլորտներում: Այս հարցի որոնումներին են միտված Հայաստանի վարչապետի՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Այդ շարքում Կարեն Կարապետյանը հանդիպել էր նաեւ ճարտարապետների եւ շինարարների հետ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է, որ իրենք հենց այդ տպավորությամբ են դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից եւ արդեն հասցրել են քննարկել ու որոշակի առաջարկներ ձեւավորել՝ իրենց ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Առաջարկներն արդեն ուղարկված են կառավարություն եւ սպասում են հետագա քննարկմանը: Հայաստանի ճարտարապետների միության նախագահն ու Շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը լրագրողներին ընդհանուր գծերով ներկայացրել են խնդիրների շուրջ իրենց մոտեցումները:
Ճարտարապետների միությունը փորձել է առաջարկություններով անդրադառնալ այն հարցերին, որոնց մասին որպես առաջնահերթություն խոսել է երկրի վարչապետը ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ առաջին հերթին առաջարկում են, որ ստեղծվի ճարտարապետների ռեեստր: Այդ մասին կետ էլ իրենք ներառել են «Ճարտարապետական գործունեության մասին» մշակած օրենքում: Առաջարկվում են նաեւ մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոններ:
«Սրանք, թվում է, թե փոքր հարցեր են, բայց հենց սրանցից են առաջանում մնացած մեծ խնդիրները»:
Ճարտարապետների հեղինակային իրավունքի հարցը նույնպես կարեւորվում է, քանի որ շատ դեպքերում հենց այդ իրավունքի ոտնահարման արդյունքում են ծագում խնդիրները՝ նրանց ստեղծածի հետ են վարվում այնպես, ինչպես ցանկանում են: Ներկայումս գործող օրենքում նման կետ կա, սակայն բավարար չէ՝ հավելեց Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ այսօր պիտի նման քայլեր արվեն, որ հետագայում խնդիրներ չառաջանան: Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ քննարկումներով ոլորտի մոտ երկու տասնյակ հիմնախնդիրներ են առանձնացրել, որից երեք առաջնահերթությունների վերաբերյալ են առաջարկներ ձեւակերպել. «Որովհետեւ շատ հարցեր լուծելու համար որոշակի ներդրումներ են պետք: Դրա համար մենք պաշտոնական նամակով վարչապետին ներկայացրեցինք երեքը, որոնք հրատապ լուծում են պահանջում ոլորտում: Դրանք այն հիմնական կանոններն են, որոնցով պետք է աշխատեն նախագծային եւ շինարարական կազմակերպությունները»:
Ըստ բանախոսների՝ մոտեցումները պետք է հստակեցվեն մրցույթների, պետական գերակա շահ ճանաչելու եւ փոխհատուցումների խնդիրը կարգավորելու, Երեւանի կենտրոնի հետ կապված: Ճարտարապետների միության նախագահի Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ պետք է արագացնել օրենքի ընդունումը, որը նաեւ ինչ-որ չափով կկասեցնի եւ կկարգավորի քանդումների գործընթացը:
«Մենք շատ ենք ուշացել եւ դա հսկայական աշխատատար գործ է, բայց դա պետք է արվի մի օր: Ակնկալում ենք, որ քաղաքի օրինագիծը կբերի պահանջների խստացմանը»:
Միաժամանակ, ինչպես ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այնպես էլ Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը նկատեցին, որ օրենքներն էլ կիրառվելու խնդիր ունեն: Նրանք, կարծիք հայտնեցին նաեւ, որ մեր օրենքներն այսօր էլ վատը չեն, սակայն կիրառելու հարցը առկա է: Ամենավտանգավորն էլ, նրանց ձեւակերպմամբ, այն է, որ օրենքները կիրառվում են երկակի ազդեցությամբ, այսինքն՝ մեկին կարելի է, մյուսին չի կարելի, ինչը բերում է մարդկանց մտքերի խեղաթյուրման եւ վհատության:




