Մշակույթ

Խնամքի ու վերանորոգման կարոտ հուշարձաններ ունենք.Տավուշի թեմի առաջնորդ

alisagevorgyan
«2017 թվականի ծրագրերում կնախատեսվի ոչ թե միանգամից բոլոր պատմամշակութային հուշարձանների նորոգում, այլ առնվազն վեց-յոթ, բայց պետք է վերանորոգվի մինչև վերջ». հուշարձանների վերականգնման ոլորտում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի սկզբունքային մոտեցումն է: «Հուշարձանների վերականգնման գործընթացի օպտիմալացման դեպքում  աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա բոլոր առումներով, անգամ՝ կոռուպցիոն ռիսկի նվազման»,-համոզված է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում որդեգրված նոր քաղաքականության մասին է «Ռադիոլուր»-ի անդրադարձը:

Մակարավանք, Գոշավանք, Հաղարծին, Վարագավանք… Տավուշի մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում վանքերն ու եկեղեցիները:

«Մի մասը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ, մյուս մասը՝ ՀՀ մշակույթի նախարարության: Երկու դեպքում էլ ուշադրության, խնամքի ու վերանորոգման կարոտ հուշարձաններ ունենք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Տավուշի մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում թեմի առաջնորդն առաձնացնում է Կիրանցի, Առաքելոց,  Ջուխտակ վանքերը, նաև Գոշավանքը:  «Մակարավանքը վտանգված չէ, բայց խնամքի կարիք ունի: Այսօր մենք խաչքարերի պահպանության լուրջ խնդիր ունենք, նաև զանազան հուշարձանների, որոնք անտառներում են գտնվում»,-ասում է հոգևորականը: Նրա համոզմամբ հուշարձանների պահպանության խնդիրն այսօր պետք է դիտարկել մարզերի զարգացման ընդհանուր ծրագրի համատեքստում:

Հոգևորականը համոզված է, որ հուշարձանների վերականգնման հարցում պետք է գերակայություններ սահմանել: Այդ խնդրին նա օրերս անդրադարձավ նաև   Դիլիջանում հրավիրված խորհրդակցության ժամանակ:

«Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի եկեղեցի է վերանորոգում եւ արդյունքում իհարկե դրանից եւ ոչ մեկի նորոգման աշխատանքներն ավարտին չի հասցնում»,-խորհրդակցության ժամանակ ասել էր Տավուշի թեմի հոգևոր առաջնորդը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշեց, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդամենը մեկ ամիս է պաշտոնավարում, այնպես որ իր խոսքն ուղղված էր ոչ թե նրան, այլ իրականացվող քաղաքականությանն ընդհանրապես: «Ես ծանոթ չէի նախարարի դիրքորոշմանն ու հանձնարարականին, սակայն ուրախ եմ, որ մեր տեսակետն այս հարցում համընկնում է»,-ասում է հոգևորականը:

Նկատենք, որ հիշյալ խնդիրը մշակույթի նախարարը բարձրաձայնել է նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին շաբաթներին ու հանձարարականներ տվել նախարարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի 2017 թվականի ծրագրերում նախատեսվի ոչ թե միանգամից բոլոր պատմամշակութային հուշարձանների նորոգում, այլ առնվազն վեց-յոթ. «Բայց պետք է վերանորոգվի մինչև վերջ». նախարարի սկզբունքային մոտեցումն է։ Այս մոտեցման մասին նա խոսեց նաև օրերս՝ լրագրողների հետ հերթական ճեպազրույցում

«2017 թվականի բյուջեով  պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար նախատեսված  ֆինանսական միջոցներն ուղղվելու են 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանն ու կառուցմանը՝ ենթակառուցվածքների հետ միասին»:

«Հուշարձանների վերականգնման գործընթացի օպտիմալացման դեպքում  աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա բոլոր առումներով, անգամ՝ կոռուպցիոն ռիսկի նվազման»,-համոզված է Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Կարդացեք նաև

Back to top button