

«1000 դրամներ» օրինագծից բացի ԱԺ այս քառօրյայի երկրորդ կարեւոր հարցը հաջորդ տարվա բյուջեի նախագիծն է: Շուրջ երկու շաբաթ բյուջեի նախագիծը քննարկվել է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում, այժմ արդեն առաջարկներով համալրված ներառված է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում։ «1000 դրամի» քննարկումից անմիջապես հետո պատգամավորները ձեռնամուխ կլինեն հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթին: <<Ռադիոլուրի>> զրուցակիցները վարդագույն հեռանկարներ այս առումով չունեն:
Տարբեր տարիներին ՀՀ-ն ունեցել է <<սոցիալական>>, <<յոլա գնալու>>, <<հնարավորությունների>>, նաեւ <<գոյատեւման>>, <<սողալու>>, <<կոնսերվացման>> ու նույնիսկ <<արտագաղթի>> բյուջեներ: Այս բոլոր ձեւակերպումները ժամանակին հնչել են ԱԺ-ում տարբեր տարիների բյուջեների քննարկման ժամանակ: Թեեւ 2017-ի բյուջեի նախագիծն արդեն քննարկվել է խորհրդարանի մշտական հանձնաժողովներում, բայց որեւէ որակում փաստաթուղթն այս անգամ չունի: Պատգամավորները դժվարանում են գտնել բնորոշիչ բառը, բայց որ փաստաթուղթը այս անգամ էլ չի կոչվի <<զարգացման>>՝ համոզված են գրեթե բոլորը:
Պատկերավոր ասած՝ հաջորդ տարի ծախսելու ենք այն, ինչ մնացել է գրպանում՝ ասում են <<Ռադիոլուրի>> զրուցակիցները՝ օրինակ վերցնելով կառավարության անդամների անկեղծությունը եւ չթաքցնելով, որ իրականում առանձնապես շատ բան չի մնացել:
Պատգամավոր Լյովա Խաչատրյանը 2017-ի բյուջեից լուրջ սպասելիքներ չունի՝ փաստաթղթի նախագծում ծրագրեր չի տեսել, ասում է՝ ձեւակերպված են միայն ցանկություններ: Կասկածում է, որ այդպես շատ հեռուն կարելի է գնալ:
Այլ կարծիքի է պատգամավոր Արագած Ախոյանը: Միտքը ավելի մատչելի ձեւակերպելու համար նախընտրում է ընտանիքի օրինակով խոսել եւ այս դեպքում շատ դժգոհ է ընտանիքի նախորդ ղեկավարից: Կարծում է, որ ընտանիքի այս նոր ղեկավարը խելքով է ծախսելու ընտանեկան բյուջեն:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի վստահում գործադիր իշխանության վստահեցումներին, թե 2017- ին <<գոտիները ձգած>> ապրելով՝ առաջիկա տարիների համար լավ ապրելու հիմքեր կդնենք: Այս առումով պատգամավորը նախադրյալներ չի տեսնում:
Այս ամենից ելնելով պատգամավորի հույսերը կապված են ոչ թե հաջորդ տարվա բյուջեի, այլ՝ առաջիկա ընտրությունների հետ: Վերաձեւակերպելով Հայաստանում բոլորին հայտնի արտահայտությունը՝ ասում է. <<լավ չենք ապրի, քանի դեռ հանրապետականը մեծամասնություն է>>:
Ի դեպ, այսօր խորհրդարանում էին Վենետիկի հանձնաժողովի անդամները եւ օրվա ընթացքում առանձին հանդիպումներ էին ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:




