ԿարևորՏնտեսական

2017-ի պետբյուջեն նախագծելիս հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական իրավիճակը.Վարդան Արամյան

hasmikdilanyan
Հանգստյան օրերին ֆինանսների նախարարությունը  Ծաղկաձորում «Պետական պարտք»  թեմայով սեմինար-քննարկում կլոր սեղան էր կազմակերպել, որի ժամանակ էլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով լրագրողների հարցին,  հայտարարել է, որ 2017 թվականի պետական բյուջեն նախագծելիս հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական իրավիճակը:

Արամյանի խոսքով՝ կանխատեսման ռիսկերը պայմանավորված են  ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ` նվազմանը:

«Բյուջեի սցենարի հիմքում ընկած է թե գլոբալ, թե Ռուսաստանի տնտեսական աճը, որը  կանխատեսվում է շուրջ 1%-ի շրջանակներում, ինչպես նաև՝ հումքային ապրանքների միջազգային գների համեստ աճը: Եթե այս սցենարի շրջանակներում, բացասական ուղղությամբ որևէ շեղում լինի, բնականաբար, դա ազդեցություն է ունենալու մեր ՀՆԱ-ի աճի վրա»,- ասել է նախարարը:

Օրինակ, ըստ նրա, եթե գլոբալ տենդենցներն այնպես չընթանան, ինչպես 2017 թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծում է, կամ այնպես, ինչպես կանխատեսում են միջազգային կառույցները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և, եթե գլոբալ տնտեսությունում ի հայտ գան նոր ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչի արդյունքում գլոբալ տնտեսական աճը շատ ավելի թույլ կլինի, ապա դրանք անուղղակի ճանապարհներով Հայաստանի վրա կազդեն:

Վարդան Արամյանը, անդրադառնալով  ներքին ռիսկերին, նշել է, որ  այստեղ շատ կարևոր է ներքին տնտեսվարողների և հանրության վարքագիծը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյան.«Կառավարության ծրագրում դրված  գործողությունները  ազդակ են, որպեսզի դրական սպասումների հիմքի վրա տնտեսվարողները ներդրումային ծրագրերի նախագծեր մշակեն: Եթե ինչ-ինչ պատճառներով, ռեսուրսների չբավարարման հետևանքով, կամ որոշակի օբյեկտիվ պատճառներով որոշ բաներ չկարողանանք իրականացնել, և դա ազդի մեր ներքին տնտեսվարողների վարքագծի վրա, ապա ավելի կդժվարանա 3.2 տնտեսական աճ ապահովելը»:

Կարդացեք նաև

Back to top button