

Նոյեմբերի 13- ին նշվում է Կուրություն ունեցող մարդկանց միջազգային օր։ Օրվան ընդառաջ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը հրատարակել է Ավ. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը բրայլյան այբուբենով՝ իր օժանդակությունը բերելով կուրություն ունեցող մարդկանց հասարակությանը ինտեգրելու կարևոր գործին: Իսահակյանի այս գեղեցիկ պատմվածքը բրայլյան այբուբենով լույս է տեսնում առաջին անգամ։
Ավ. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունն այսուհետ հասանելի է նաև տեսողության խնդիր ունեցող ընթերցողների համար: Այն բրայլյան այբուբենով լույս է տեսել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Հաշվի առնելով, որ Հայաստանում բրալյան գրքերը չափազանց քիչ են, տուն-թանգարանի տնօրինությունն իր հերթին ցանկացավ ներդրումն ունենալ բրայլյան գրադարանի համալրման գործում՝ գրքի շնորհանդեսին նշեց տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
«Լիլիթ» պատմվածքը բրայլյան այբուբենով տպագրվել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն
Թելման Բոյաջյանը հայտնեց, որ իրենք մեծ պատրաստակամությամբ ու սիրով արձագանքեցին տուն-թանգարանի նախաձեռնությանը: Չնայած տեխնիկական որոշ խնդիրներին՝ բրայլյան այբուբենով պատմվածքն արդեն հասանելի է ընթերցողներին:
Գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև «ֆեյսգիրք» մրցույթի մրցանակակիր 11-ամյա Արսեն Գևորգյանը: Վերջերս նա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հայտնել էր բրայլյան այբուբենով գրքեր ունենալու իր ցանկության մասին: Այսօր նրա ցանկությունը ևս կատարվեց:




