

Եթե մինչ այժմ հայ տնտեսագետներն ու փորձագետները միայն Հայաստանի կառավարության ծրագիրն ու 2017թ պետական բյուջեի նախագիծն էին վերլուծում, ապա այժմ զուգահեռներ են տանում այդ փաստաթղթերը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագրի հետ: Վերլուծում են, նկատում, որ օրինակ, չնայած ներդրումների ոլորտը գերակա է հռչակված, փոխվել է անգամ էկոնոմիկայի նախարարության անվանումը՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն, այդուհանդերձ հաջորդ տարի ներդրումները ՀՆԱ-ի մեջ 19,1 տոկոս են կազմելու։ Դրանք այս տարվա համեմատ 1,1 տոկոսով պակաս են նախատեսված։
«Առաջիկա տասը տարում 25 մլն աշխատատեղ, 3,5 տոկոս տնտեսական աճ, պրոգրեսիվ հարկային քաղաքականության պարզեցում, բյուջեի ծախսերի նվազեցում, հարկերի նվազեցում»,- տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներկայացնում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրից որոշ դրույթներ: Համեմատելով Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի հետ՝ նշում է՝ «Կառավարության ծրագիր է՝ առանց թվային արտահայտության, իսկ տնտեսագիտությունում ամենակարևորը թիվն է, եթե չկա թիվ՝ չկա նաև ծրագիր»:
Տնտեսագետն արձանագրում է՝ Հայաստանում վերջին երեք տարիներին հարկերը միայն ավելացել են, որքան դրանք բարձրացել են, այնքան հարկերի մուտքերն են պակասել: Վահագն Խաչատրյանը, մեջբերելով պաշտոնական հայտարարությունները, նշում է՝ «ամենահաջող տարբերակով 2016թ ՀՀ բյուջեն 60 մլրդ դրամով չի հավաքվել»:
Անդրադառնալով 2017թ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, Վահագն Խաչատրյանը նկատում է. «Որևէ սպասելիք այս բյուջեն չի տալիս, երևի լավագույն ատրբերակն է հետագայում ասել, որ վիճակն այսպես էր: Ոնց որ օգոստոսին ասում էին լավ ենք ապրում, սեպտեմբերին՝ ասացին, , որ տնետսության վիճակը շատ վատ է»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելիս նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշերից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք, 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:
«2017թ համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3,2 տոկոս աճի մակարդակ»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 2017թ բյուջեի նախագծում նկատել է՝ 2017թ ներդրումները ՀՆԱ-ի մեջ 19,1 տոկոս են կազմելու, դրանք 1,1 տոկոսով փոքր են լինելու 2016թ ցուցանիշից:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ ներդրումների համար ամենավտանգավորն անորոշությունն է, դա առայժմ բնորոշ է Հայաստանին:
Տնտեսագետը Հայաստանի համար ամենամըտահոգիչը համարում է պետական պարտքի շեմը, նշում, որ Հայաստանի համար ամենալուրջ պրոբլեմը 2019թ լինելու է սա: 2019թ բյուջեի 30 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը:




