Քաղաքական

Պատգամավորները կկարողանան քվեարկել նաեւ հեռակա՝ լիազորագրով

lusinevasilyan

Հաջորդ գումարման Ազգային ժողովի նախագահը կունենա  3 տեղակալ, որոնցից մեկը կներկայացնի ընդդիմությունը, հաջորդ խորհրդարանում  կգործի  կոլեգիալ  նոր մարմին ՝  ԱԺ խորհուրդը, որը կկայացնի հիմնական որոշումները: Առաջիկա  5 տարիներին պատգամավորները կաշխատեն ավելի շատ՝ նիստերը սկսելով ոչ թե կեսօրին, այլ վաղ առավոտից, իսկ անհարգելի բացակայության հիմքով պատգամավորական լիազորությունների դադարեցման հարցը կքննի  Սահմանադրական դատարանը: Այս ու բազմաթիվ այլ փոփոխություններ սահմանվում  են ԱԺ կանոնակարգ օրենքի նոր նախագծով,  որն արդեն մշակվել է ու դրվել շրջանառության մեջ: Սա այն օրինագիծն է, որը բոլոր մանրամասներով պետք է սահմանի,  թե ինչպես ու որքան  է աշխատելու կառավարման նոր համակարգում ամենաառանցքային մարմինը՝ խորհրդարանը:

 

Հաջորդ գումարման խորհրդարանը կունենա մի շարք նոր լիազորություններ: Առաջին անգամ պատգամավորները հանրապետության վարչապետ ու նախագահ ընտրելու լիազորություն կունենան, կընտրեն նաև Վճռաբեկ դատարանի նախագահ ու դատավորներ, գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների պաշտպան և այլն: Այս ու բազմաթիվ այլ  նոր լիազորություններ խորհրդարանին տրվել են 2015-ի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրությամբ: Այժմ Ազգային ժողովում  մշակում է Կանոնակարգ օրենքը, որը բոլոր մանրամասներով  սահմանում է, թե ինչպես պետք է աշխատի խորհրդարանը, որքան և ինչ կառույցներով:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով  ԱԺ նոր կանոնակարգի նախագծի հեղինակներից է, նկատի ունի ոչ միայն պատգամավորների ավելի մեծ ծանրաբեռնվածությունը հաջորդ խորհրդարանում, այլ նաև  աշխատանքային  ժամերի ավելացումը: Նոր կանոնակարգով նախատեսվում է, որ քառօրյա նիստերը կսկսվեն ոչ թե կեսօրին, ինչպես հիմա, այլ առավոտյան ժամը 10-ին:  Քառօրյաները, ի դեպ կհրավիրվեն երեքշաբթիից ուրբաթ, իսկ երկուշաբթի կաշխատի խորհրդարանի նոր կոլեգիալ մարմինը ՝ խորհուրդը:

Այն իր վրա կվերցնի ԱԺ նախագահին այսօր վերապահվող   իրավասություններից շատերը: « Ազգային ժողովի նախագահի այն լիազորությունների մի մասը առաջարկվում է վերապահել Ազգային ժողովի խորհրդին: Դրա կազմում ընդգրկվելու են խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ նախագահը և տեղակալները»,- ասում է Հովհաննես Սահակյանը։

ԱԺ նախագահի տեղակալները հաջորդ խորհրդարանում կլինեն 3-ը, նրանցից մեկը կներկայացնի ընդդիմությունը: Նոր մարմին  է լինելու նաև քննիչ հանձնաժողովը: Այն  ստեղծվելու է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերն ուսումնասիրելու  և դրանց վերաբերյալ  խորհրդարանին եզրակացություններ  ներկայացնելու նպատակով: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այս կառույցը կարևոր է լինելու հատկապես ընդդիմության համար: «Գործելու է  ժամանակավոր հիմունքներով,կարող է ստեղծվել  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով»։

Նորամուծություններից է նաև այն, որ խմբակցություններին ևս տրվում  է  օրենսդրական նախաձեռնության իրավունք, իսկ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորներին՝ դրսից  լիազորագրով քվեարկելու հնարավորություն:

Բացակայությունների հարցը կանոնակարգի նոր նախագիծը որոշակիորեն կանոնակարգել է, բայց արմատական լուծումներ կարծես  թե չի տվել:  Գործող կանոնակարգով  բացակայությունների հարգելի-անհարգելի  լինելը որոշում էր  ԱԺ նախագահը՝  ըստ ներկայացված տեղեկանքների: Այս դրույթից նոր կանոնակարգում հրաժարվել են ու նշել, որ մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով  խորհուրդը  կարող է  դիմել Սահմանադրական դատարան: Ի դեպ, եթե խորհուրդը չնախաձեռնի, դա կարող է անել պատգամավորների մեկ հինգերորդը:

Ամենաէական փոփոխությունները խորհրդարանի վերահսկողական գործառույթների շրջանակում են: Գրեթե բոլոր կարևոր պաշտոնյաներին ընտրելու է խորհրդարանը՝ նախագահից ու վարչապետից մինչև գլխավոր դատախազ ու ԿԲ նախագահ: Թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահվում է բոլոր խմբակցություններին:

Ըստ կանոնակարգի նախագծի՝ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահը պետք է ընտրվի գաղտնի քվեարկությամբ՝ ընդհանուր ձայների առնվազն երեք քառորդով: Իսկ  վարչապետն ընտրվելու է  անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այս դեպքում  թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությանը կամ դաշինքինն է:

 

Կարդացեք նաև

Back to top button