Հասարակություն

«Լուսավոր սահման»- ը մեկնարկում է սահմանապահ գյուղերից

arminegevorgyan

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղի տներում տեղադրել է ԼԵԴ լամպեր եւ պատրաստվում է դրանք տեղադրել նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Այս լամպերը ծախսում են մոտ տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան՝ շիկացման լամպերը:  Ի դեպ սահմանամերձ գյուղերում այդ լամպերը տրամադրվում են անվճար, իսկ գումարն էլ հավաքագրվել է  նախարարության  քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում։

 

էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը սկսում  է   «Լուսավոր սահման» նախագիծը՝ այդ կերպ մասսայականացնելով ԼԵԴ  լամպերի կիրառումը Հայաստանում։ Այս լամպերի կյանքի  տեւողությունը մոտ տասը տարի է:

«Տան լուսավորությունը դնում եք ԼԱԴ- ի  վրա  ու մոռանում եք լամպ փոխարինելու մասին, քանի որ այդ լամպերը ծախսում են մոտ տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան շիկացման լամպերը»,-  ասում է  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների  փոխնախարար  Հայկ Հարությունյանը՝ թվարկելով այս լամպերի առավելությունները։  Տարեկան  խնայվում է սպառվող էլեկտրաէներգիայի 10 տոկոսը, որը բոլոր փոքր ՀԷԿ-երից ստացվող էլեկտրաէներգիայի չափն է: «Շահում է էներգետիկ համակարգը, որովհետեւ խնայվում է էլեկտրաէներգիա, շահում է բնապահպանությունը, ունենում եք ձեր տանն ավելի հարմար միջավայր: Այս պարզ գաղափարն ուզում ենք մասսայականացնել։ ԼԵԴ լամպ չունենալն արդեն տրամաբանական  չի»։

Հայկ Հարությունյանն ասում է, որ շուկայում այսօր կան նաև անորակ ԼԵԴ լամպեր։ Որակյալները պետք է ունենան երեք տարվա երաշխիք։ ԼԵԴ  լամպերի մասսայականացման  մեկնարկը  տրվում է   սահմանամերձ գյուղերից : «Շտիկեն» ընկերություն ներկայացուցիչ Հայկ Շեկյանը տեղեկացրեց, որ ծրագրում առաջինը լինելու են Տավուշի  սահմանապահ գյուղերը։

Փոխնախարարի խոսքով՝  նախատեսված  է ամեն ընտանիքի անհատույց տրամադրել առավելագույնը 5 լամպ, որից հետո նա կարող է արդեն գնել դրանք խանութներից։ Ի  դեպ՝ տրամադրվող լամպերի գումարը հավաքագրվել է քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում։  Փոխնախարարն ասում է, որ  պահանջարկի մեծացումը թույլ կտա մատակարարներին իջեցնել լամպերի գները։ Հայկ Հարությունյանը շեշտում է՝ եթե երկու տարի առաջ ԼԵԴ լամպերի գինը 4000-4500 դրամ էր, ապա այսօր այն տատանվում է 2000-  2500 դրամի սահմաններում։

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը  քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղի տներում արդեն  տեղադրել է ԼԵԴ լամպեր։

Back to top button