Քյավառա կարտոլը՝ ապրանքանիշ
Գեղարքունիքի մարզի Գանձակ նախկին Բատիկյան գյուղում բնակիչները հողի մշակության լավագույն արդյունքը տեսնում են հողերի խոշորացման մեջ: Նրանք գտնում են, որ հողատարածքների մեծ մասը դաշտամիջյան ճանապարհներ են և ճամփեզրերը: Հողերի արդյունավետ օգտագործման նպատակով Գանձակում արդեն երկու տարի ստեղծվել է կարտոֆիլ արտադրողների միություն, որոնց արտադրած կարտոֆիլը շոիկայում առանձնանում է իր ապրանքային տեսքով ու փաթեթավորմամբ:
Գեղարքունիքի մարզը հայտնի է կարտոֆիլագործությամբ: Տեղի բարեբեր հողերում արտադրվող կարտոֆիլը դարձել է նրանց ապրանքանիշը՝ բրենդը: Քյավառի կարտոֆիլը մեծ պահանջարկ ունի շուկայում: Գավառից մոտ 3 կմ հեռավորությամբ գտնվող Գանձակ գյուղում ավելի քան 200 հա-ի վրա կարտոֆիլի ցանքատարածքներ են: Գյուղացիների չարչարանքը շատ է, սակայն օգուտն է քիչ, քանի որ մշակության համար հատկացված հողամասերն իրարից կտրտված են ու հեռու: Մեկ տնտեսությանը բաժին հասած 47 սոտի կամ մոտ կես հեկտար հողատարածությունը բաժանված է 3 մասի:
Հողերի սակավությունը գյուղացիներին այլընտրանքի առաջ է կանգնացրել, աշխատանք գտնել այլ վայրերում: Գանձակի նախկին գյուղապետ Վանիկ Հարությունյանը նշում է, որ բերրի հողերի մեծ մասը դաշտամիջյան ճանապարհներ են և ճամփեզրեր: Լավագույն տարբերակը հողերի միավորումն է, այս կարծիքին է նաև Անահիդա Ավագյանը.<<Հողերը փոքր-փոքր ա, 12 սոտղ ստեղ, 12 սոտղ էնտեղ, եթե, ասենք, բիրիք ըլներ ես կտայի քեզ, դու՝ նրան, 1 հա, 5 հա կցաներ: Էն ժամանակ էլ (նկատի ունի հողերի մասնավորեցման գործընթացը), եթե, ասենք, տային մի ընտանիքի 30 սոտղ վարելահող, էդ ընտանիքը կգոյատևեր, քիչ-քիչ լավ սերմացու էլ կունենար, ամեն-ինչն էլ լավ կլիներ >> :
Գյուղում հողերի մի մասը չի մշակվում, սեփականատերերը, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի, հողերը թողել են խոտհարքի տակ: Չմշակվող հողահանդակները վարձակալությամբ չեն վերցնում, քանի որ հողօգտագործողի ծախսերն ավելի շատ են ստացված եկամտից:
Հողերի խոշորացմանը կողմնակից է նաև Վանիկ Հարությունյանը: Գանձակում 2 տարի առաջ ստեղծվել է կարտոֆիլ արտադրողների միություն, որի նպատակը ցանքատարածքների ավելացումն է, կարտոֆիլի իրացման խնդիրների լուծումը: <<Կարտոֆիլը Քյավառի բրենդն է, միրգն, է, ամեն ինչն է, ինչպես կուզեք նկարագրեք>>,- ասում է Գանձակի նախկին գյուղապետ Վանիկ Հարությունյանը: Կարտոֆիլ արտադրողների միություը զբաղվելու է <<Քյավառա կարտոլ>> ապրանքանիշով կարտոֆիլի փաթեթավորմամբ ու իրացմամբ: Որոշակի արդյունքներ արդեն նկատվել են, այն հատկապես ուշադրության արժանացավ վերջերս Վորլդ վիժն Հայաստան-ի կազմակերպած <<Կարտոֆիլի մեծ փուռ>> փառատոնին, որտեղ ներկայացվել էր Գանձակի փաթեթավորված կարտոֆիլը և հանվել վաճառքի:
Միջազգային կառույցը կարտոֆիլ արտադրողների միությանն աջակցում է տեխնիկայով, բարձրորակ սերմերի ձեռք բերմամբ և օգնում է գտնել իրացման ճանապարհներ: Նախորդ տարում կարտոֆիլն իրացվել էր ներքին շուկայում, այս տարի պետք է արտահանվի փաթեթավորված տարբերակով:
Գանձակում տարբեր սորտի կարտոֆիլ են մշակում, բայց ցանքատարածքների մեծ մասը զբաղեցնում է Գրանոլա սեղանի սորտի կարտոֆիլը: