

«Նախ արձանագրենք, որ այս պահին կանգնած ենք մի բեմում, որտեղ խաղացել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Էդգար Էլբակյանը: Արժևորելով այս փաստը, պետք է նշեմ, որ ակնկալիքներն էլ Մայր թատրոնից, բնականաբար, ավելին են: Դեկտեմբերին այս բեմում կկայանա «Պեպո» բեմադրության առաջնախաղը, և ես համոզված եմ, որ կունենանք այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին ունեցանք օպերային թատրոնում: Նկատի ունեմ «Տոսկան»,- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ ճապազրույցում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Ստեփան Դավթյանի և լրագրողների մեծ խմբի հետ նախարարն այսօր շրջայց է կատարել վերանորոգված թատրոնում, ծանոթացել վերազինված բեմական մեխանիզմներին ու լուսավորության, ձայնային նոր համակարգերին:
23 տարի մարման ժամկետով շուրջ 7 մլն եվրո արժողությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո» կոնսորցիումի միջեւ կնքված վարկային պայմանագրի շնորհիվ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2015-ի հոկտեմբերին մեկնարկեցին վերանորոգման ու վերազինման աշխատանքներ: Շուրջ մեկ տարի տևած աշխատանքի արդյունքը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, փոխնախարար Արթուր Պողոսյանին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնում է թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
«Սա 21-րդ դարի շունչն է»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ հավելելով՝ «Ես միշտ ասել եմ, ու շարունակում եմ պնդել, որ ստեղծագործական աշխատանքի որակը կախված չէ տեխնիկայից, այն կախված է ստեղծագործողից, բայց տեխնիկան կնպաստի ընդհանուր մթնոլորտի աշխուժացմանը: Գաղտնիք չէ, որ թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը թատրոնի, ներկայացման սիրտն է»:
Մայր թատրոնի նոր եթերաշրջանը կմեկնարկի դեկտեմբերին՝ «Պեպո» բեմադրության առաջնախաղով: «Ես համոզված եմ, որ կունենանք այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին ունեցանք վերջերս օպերային թատրոնում՝ «Տոսկայի» բեմադրությամբ»,- լրագրողների հետ ճապազրույցում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ում խոսքով ակնկալիքները Մայր թատրոնից մեծ են: Ստեղծագործական մասով թատրոնի աշխատանքներին նախարարությունը, բնականաբար, չի միջամտի, բայց համագործակցության միջոցով կփորձի ձևավորել նոր քաղաքականություն:
Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը շեշտեց, որ վերանորոգման ընթացքում կոլեկտիվն անգործ չի մնացել: Ներկայացումներով հանդես են եկել Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Քաջարանում, իսկ սեպտեմբերին մասնակցել են Թբիլիսիում անցկացվող թատերական փառատոնին: Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, ապա վերանորոգումից հետո թանկացում չի նախատեսվում:




