Մշակույթ

Համերգ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին

alisagevorgyan

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  այսօր տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված` մեներգիչների  (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթի դափնեկիրների գալա համերգը և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը: Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել պետական կոնսերվատորիայի, ՀՀ և ԼՂՀ երաժշտական և արվեստի քոլեջների 41 երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և շրջանավարտներ:

 

«Լավ է՝ հինգ տարի շուտ, քան՝ հինգ րոպե ուշ». Տաթևիկ Սազանդարյանի այս խոսքն ուղեցույց դարձավ շատերի համար: Բեմից նա հեռացավ, երբ ընդամենը 50 տարեկան էր՝ օպերային արվեստի պատմության մեջ մնալով որպես լավագույններից մեկը: Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

Մրցույթի երկրորդ փուլը հաղթահարած 12 լավագույն մեներգիչների թվում էին Դավիթ Թումանյանն ու Սիրանույշ Խաչատրյանը: Նրանց հետ զրուցել եմ երեկ, երբ նախապատրաստվում էին մրցույթի երրորդ՝ կարևորագույն փուլին, որի ժամանակ   հանդես  եկան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Ռադիոլուրի հետ զրույցում երիտասարդ երգիչները նշեցին, որ յուրաքանչյուր մրցույթ արվեստագետին  ուժեղացնում և կատարելագործման լայն հնարավորություն է տալիս

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ  Սուսաննա Մարտիրոսյանի բնորոշմամբ հայ երիտասարդ ձայներն այսօր փայլուն են, ինչպես միչտ: «Դասական երգեցողության ոլորտում դա հայտնի ճշմարտություն է»,-վստահեցնում է պրոֆեսորը:

Սուսաննա Մարտիրոսյանը ցավում է, որ այսօր քչերն են հիշում Տաթևիկ Սազանդարյանին որպես երգչուհու, քանի որ նա բեմը լքեց, երբ ընդամենը  50 տարեկան էր: Ինչպես վերը նշվեց՝ Սազանդարյանը կարգախոս ուներ. «Լավ է՝ հինգ տարի շուտ, քան՝ հինգ րոպե ուշ»: Նրա ասպիրանտը՝ Սուսաննա Մարտիրոսյանն ասում է, որ Տաթևիկ Սազանդարյանը հեռացավ՝ թողնելով իր դպրոցը, որն այսօր մեծ հաջողությամբ շարունակում են երիտասարդ կատարողները:

Back to top button