
Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարը:
Նոյեմբերի 13-ին նույն նախագիծը պետք է ներկայացվեր Ստամբուլում՝ Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքում, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկեց այն՝ պատճառաբանելով, որ այդ օրը դահլիճը չի տարամադրվում որևէ միջոցառման համար:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները համերգին հրավիրել էին Էրդողանին: Հենց այս հրավերից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն չեղարկեց համերգը, ինչը մեծ բողոքի ալիք է բարձրացրել հենց գերմանացիների շրջանում:
Երևանյան համերգին կմասնակցեն Դրեզդենի սիմֆոնիկի երաժիշտերը, որոնց կմիանան Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտները:
Նշենք, որ «Աղետ» նախագիծը արդեն 2 տարվա պատմություն ունի: Այն մեկնարկել է Բեռլինում և լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Ավելի ուշ այն նաև ներկայացվել է Դրեզդենում: Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը և 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն էր, որպեսզի Գերմանիան ճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Էրդողանը Գերմանիայից պահանջել էր, որ փակվի այդ նախագծը, սակայն դա տեղի չունեցավ:




