Վերլուծական

Ամեն ինչ պարզ կլինի 24 ժամից՝ ասում է պոլսահայ լրագրողը. Թուրքիայում իրադարձությունները զարգանում են սրընթաց.

annanazaryan

Իրարանցում Թուրքիայում. բուռն իրադարձություններն այսօր հաջորդել են մեկը մյուսին: Նախ ձերբակալություններ, հետո պայթյուն, այնուհետև բողոքի ակցիա, որն ավարտվել է ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներով:

 

Պայթյուն, զոհեր, 100-ից ավելի վիրավորներ, տասնյակից ավելի ձերբակալվածներ, արցունքաբեր գազի կիրառմամբ  ուղեկցվող բողոքի ակցիա. Թուրքիայում խառնաշփոթ է:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամների մեջ են նաև համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:  Դիարբեքիրում և Անկարայում տեղի ունեցած ձերբակալությունները տեղավորվում են մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովի  ընդունած  Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու որոշման տրամաբանության շրջանակներում:

Այս գործողությանը հաջորդեց Դիարբեքիրի նահանգում ոստիկանական վարչության շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 100-ից ավելին վիրավորվել են:

Ըստ թուրքական NTV հեռուստաընկերության, ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը:  Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղեկությունները քիչ են, քանի  որ ԶԼՄ-ներն առայժմ ձեռնպահ են մնում որևէ տեղեկություն հաղորդել։ «Մենք շատ բանից տեղյակ չենք։ Առաջիկա 24 ժամը շատ կարեւոր է, տեսնենք՝ ինչ կլինի»։

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Դեպքի առիթով  Անկարայում բողոքի ակցիա է կազմակերպվել, որը թուրք  ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ ցրել են՝ ցուցարարների դեմ  օգտագործելով արցունքաբեր գազ։ «Հուրիեթ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության ու ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումից հետո տեղի ունեցող իրադարձությունները բնական է համարում։

Ի դեպ՝  ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների ձերբակալության կապակցությամբ և Անկարայում ԵՄ դեսպանների հավաք է հայտարարել: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կարող են կարևոր որոշումներն ընդունվել:

Կարդացեք նաև

Back to top button