

Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում հայկական թատրոնի եւ կնոյի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին, որի ծննդյան 75-րդ հոբելյանին նվիրված երեկոն կայացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Նա միշտ հպարտանում էր, որ իրեն այդպիսի գեղեցիկ անունով են կոչել ծնողները , բայց նրա անվանակոչումը պատմություն ունի։ Ծնվեց 1941 թ-ի հունիսին, ու երբ դուրս գրվեց հիվանդանոցից, սկսվեց պատերազմը: Ազգականները, ոմանք թաքուն, ոմանք էլ բացահայտ ասում էին՝ թե <<բեխեր>> երեխա է: Ու բոլորը այնքան էին տագնապած պատերազմից, որ չէին էլ մտածում երեխային ինչպես անվանել։ Նորածնի հայրը մեկնում է պատերազմ, մայրը մի պահ սթափվելով՝ մեկնող գնացքի հետևից բղավում է, թե ինչպես անվանի աղջկան։ Վանիկն էլ՝ նորածնի հայրը, հուսահատ գյումրեցուն հատուկ բարբառով պատասխանում է. <<Էվելորդ է>>։ Ու մինչ ձայնը հասնում է տեղ, էվելորդը դառնում է էվելինա։
Սա մի փոքր դրվագ էր դերասանուհի Էվելինա Շահիրյանի կյանքից։ Դրամատիկան թատրոնի բեմում մեծ իրարանցում էր, կարելի է ասել՝ կռիվ էր ընկել։ Բեմում էին դերասանուհի Էվելիա Շահիրյանի թոռները: Նրանք չեն կարողանում միմյանց մեջ որոշել, թե ով պետք է հայտարարի ու բեմ հրավիրի կինոյի և թատրոնի սիրված դերասաուհի, ՀՀ վաստակավոր արտիստ,սիրելի տատիկին,բայց նույն պահին էլ խոստովանում էին՝ նրան նայելով ամեն անգամ դժվարանում են <<տատիկ>> բառն արտաբերել:
Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. այսպես են ընկերներն ու գործընկերները նրան բնութագրում։ Մայր թատրոնի դերասան Արմեն Մարությունը «Ռադիոլուրի» միջոցով հարց է ուղղում դերասանուհուն, ու ասում. ի վերջո կարո՞ղ ես բացահայտել քո գեղեցկության գաղտնիքը: Ի դեպ, դերասանը անկեղծանում է, ֆիլմերում մի քանի անգամ Էվելինան կնոջ կերպարում է հանդես եկել ու շատ հաճախ նրան հենց այդպես էլ ներկայացնում է, «Ծանոթացեք, իմ երկրորդ կինն է,բայց կինոյում»:
«Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինն ավարտած դերասանուհին 1960-ականներին մտավ հանդիսատեսի սիրտը: Հեռուստատեսությամբ ներկայացված «Սոխակներն են երգում» բեմադրության մեջ հանդես եկող դերասանուհին իր Ինգա կերպարով, որպես բարության խորհրդանիշ, հաստատեց, որ 16-17 տարեկանում էլ կարող ես խաղալ նման դերեր, հիմնել անկեղծության եւ ճշմարտության թատրոն:
Դերասան Գուժ Մանուկյանը, ով նրա խաղընկերն է եղել, ասում է՝ եթե տաղանդավոր դերասանուհի ես, ուրեմն նաև հրաշալի մարդ ես։ Էվելինան հենց այդպիսին է :
Դերասան Հրաչյա Հարությունյանը արդեն 30 տարի նրա հետ նույն բեմում է. Իրեն բախտավոր մարդ է համարում, ասում է, որ ներկայացման հաջողության գրավականը լավ խաղընկեր ունենալն է։
Շնորհավորանքներ, հուշեր, հատուկ մրցանակներ եւ պարգեւներ. Էվելիան Շահիրյանը դրանց պակասը չզգաց։ Գրիգոր Նարեկացու հուշամեդալը մշակույթի նախարությունը հենց նրան շնորհեց կինոյում և թատրոնում ունեցած մեծ ավանդի համար։
«Հայտնի կարծիք կա, որ կան մարդիկ, որոնց դեմ ժամանակն անզոր է: Այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ինքն է ստեղծում ժամանակն ու ժամանակաշրջանը եւ այդ ժամանակաշրջանի մեջ ստեղծում է մարդկային երեւակայություններ»,- ասում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Իսկ ո՞րն է նրա գեղեցկության եւ հաջողության գաղտնիքը. «Ռադիլուրը» փոխանցում Արմեն Մարությանի հարցը։ «Այդ հարցն ինձ միշտ տալիս են, սակայն ես չգիտեմ, թե որն է այդ գաղտնիքը: Պարզապես, պետք է հոգում ոչ մի վատ բան չպահել, ուրախանալ յուրաքանչյուր օրով, լինել բարի»,- ասում է։




