Տնտեսական

«Յանդեքս» տաքսին նախազգուշացվեց. ՏՄՊՊՀ- ն խախտումներ է արձանագրել

hasmikdilanyan

«Յանդեքս»  ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես անհատ տաքսու վարորդների դժգոհություններով։ Նրանք պնդում էին, որ ընկերությունը օրենքի խախտումներով է աշխատում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրել է խնդիրը։ Արդյունքները հրապարակվել են այսօր։

 

Այս տարվա  հուլիսի 1- ից հայաստանյան տաքսի շուկայում բում գրանցվեց: Ռուսաստանյան «Յանդեքս» տաքսի ծառայությունը մտավ հայկական շուկա՝ անհամեմատ ցածր գներ առաջարկելով ուղևորներին,  աշխատանքային ավելի լավ պայմաններ՝ վարորդներին: Ինտերնետ տիրույթում աշխատող այս ընկերությունը սկզբնական փուլում առաջին երկու կմ համար սահմանել էր 100 դրամ սակագին, որից հետո յուրաքանչյուր  մեկ  կմ  դիմաց   գանձում էր ՝ կրկին հարյուր դրամ: Սակայն այս սակագնով հայկական շուկայում ընկերությունը երկար չաշխատեց: Փոխվեց գնային քաղաքականությունը, մամուլում էլ սկսեցին դժգոհությունները: Արդյունքում՝ այս ընկերության գործունեությունը հայտնվեց  ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում:

Այսօր պարզ դարձավ, որ ընկերությունը ոչ թե ռուսական , այլ հոլանդական է, Հայաստանում էլ գրանցված չէ, չունի գրասենյակ: Սա որոշակի դժվարություն է ստեղծում հենց հանձնաժողովի համար: Ընկերության գլխավոր  տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում են իրավիճակը փոխել: «Յանդեքսը» մեծ կազմակերպություն է,  նմանատիպ որոշումները տնօրենների խորհուրդն է ընդունում»,- ասում է։ Ընկերության գլխավոր տնօրենը, խոսելով  գնային քաղաքականության փոփոխության  մասին, նշեց, որ  այժմ առաջին երկու կմ  200դրամ է, յուրաքանչյուր հաջորդ կմ 100 դրամ, գնային փոփոխությունը նա խցանումներով, ծախսերի  ավելացմամբ է պայմանավորում:

ՏՄՊՊՀ- ն  խնդիրն ուսումնասիրելիս պարզել էր, որ  էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցող վարորդները    լիցենզավորված չեն, հարկային դաշտում չեն գործում:  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ «հանձնաժողովի գնահատականը հետևյալն է՝ այս վարքագիծն իր մեջ  պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր, արդյունքում՝ հնարավոր է, որ մրցակիցները  շուկայից դուրս մղվեն»:

Հակամենաշնորհային մարմինը սակայն որոշեց ոչ թե տուգանել, այլ՝ նախազգուշացնել ընկերությանը՝ հաշվի են առնել մի շարք հանգամանքներ։ «Ընկերությունը նոր է, ծավալները շուկայում մեծ չեն,  կարևորը, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել  վերացնել այս խնդիրները»։

Էլեկտրոնային հարթակներում  գործունեություն իրականացնող ընկերությունը գտնվում են  անհավասար մրցակցային պայմաններում սովորական տաքսի ծառայությունների համեմատ: էլեկտրոնային հարթակներով ծառայությունները ՏԿ և ՏՏ նախարարությունից լիցենզիա չեն ստանում, արտոնագրային ու եկամտային հարկ չեն վճարում:  Նրանք մյուսների համեմատ մրցակցային առավելություն են ստանում: Շաբոյանը օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է նկատում: Նշում է, որ դիմելու են ՏԿ և ՏՏ նախարարությանը, որտեղից, ի դեպ, մեզ փոխանցեցին, որ իրենք  դիմել են օնլայն հարթակում աշխատողներին՝ առաջարկելով աշխատել միայն լիցենզավորված կազմակերպությունների հետ:

Խնդիրը նաև «Յանդեքս» տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան  Խուդավերդյանն է տեսնում, նշում, որ պատրաստվում են այլընտրանք առաջարկել՝ օրինակ, հավաստագիր չունեցող վարորդներին հնարավորություն տալ կամ լիցենզիա ձեռք բերել, կամ իրենց եկամուտի  2 կամ  3 տոկոսը վճարել պետական բյուջե:

Կարդացեք նաև

Back to top button